ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն' անդրադառնալով Հայաստանի միգրացիոն ծառայություններին ուղղված քաղաքացիների դիմումներին, նշել է, որ ներկայացված դիմումները փոխանցվում են նաև ՌԴ, որտեղ քննարկվում են դրանք, և քրեական հանցանքներ չունենալու դեպքում տվյալ մարդկանց անունները հանվում են «սև ցուցակից»:
Ըստ նրա' քիչ չեն այն մարդիկ, ովքեր խախտել են ռուսական միգրացիոն օրենսդրությունը, որի հետևանքով նրանց նկատմամբ ՌԴ մուտք գործելու սահմանափակումներ են դրվել:
Անդրադառնալով ՌԴ-ում միգրացիոն կանոնների խստացմանը, հարկ է հիշել, որ սկսած 2014 թվականի ապրիլից, Ռուսաստան մուտք գործելու արգելք է սահմանվում այն օտարերկրացիների նկատմամբ, ովքեր կխախտեն օրինական կեցության ժամկետները: Այսպիսով, նրանք, ովքեր Ռուսաստանում կման սահմանված ժամկետից 120 օր ավելի' 3 տարով կզրկվեն այդ երկիր մուտք գործելու իրավունքից, 270 օր անօրինական մնալու դեպքում' արգելքը 5 տարի է, իսկ 360 օրից ավել մնալու դեպքում' 10 տարի:
Հարկ է նշել, որ ՌԴ տարածքում տեղի ունեցած միգրացիոն խախտումների մեծ մասը եղել է ոչ թե ՀՀ քաղաքացիների անօրինական գործողությունների հետևանք, ինչպես շատ հաճախ ներկայացվում է, այլ ընդամենը անտեղյակության հետևանք, ինչի արդյունքում, աշխատանքի նպատակով Ռուսաստան մեկնած մեր հայրենակիցներից շատերը մինչ օրս վախենում են լքել Ռուսաստանի տարածքը, որովհետև լքելու դեպքում կարող են հայտնվել «սև ցուցակում», ինչն էլ կարող է խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի նրանք հետագայում կրկին մեկնեն արտագնա աշխատանքի:
Վոլինկինն իր խոսքում նշում է նաև, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին (որը նախատեսում է աշխատուժի ազատ տեղաշարժ) թույլ կտա տվյալ գործընթացն ավելի զարգացնել, որի արդյունքում հայ միգրանտներին կտրվեն որոշակի առավելություններ:
Էրիկ Մելիքյան