Վրաստանի անցած խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզաշրավի ժամանակ մասնավոր այցով գտնվում էի Թբիլիսիում: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ Վրաստանի Նախագահը դեռ Սահակաշվիլին էր, իսկ Վանո Մերաբիշվիլին' Վրաստանի իրավապահ համակարգի բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական գաղափարախոսն ու դրշակակիրը, Վրաստանի վարչապետն էր:
Մեկնել էի մեքենայով և կանգնեցի բենզալցակայանի մոտ մեքենան վառելիքով լիցքավորելու համար: Պատահաբար նկատեցի Իվանիշվիլիի դրոշը բենզալցակայանի անկյունում: Չեմ ցանկանում կենտրոնանալ այն հարցին, թէ ինչպես էր հնարավոր բենզալցակայանում ընդդիմադիր կուսակցության դրոշի առկայությունն ու նրանց հրապարակային քարոզը, անցնեմ իմ և աշխատակցի կարճատև զրույցին:
Աշխատակցին, որը լցնում էր վառելիքը, հարցերի.


- Իվանիշվիլիի կողմնակիցն եք?


Պատասխանեց - այո:


Հետևեց իմ հաջորդ հարցը.


- Կարծում եք նա ավելին կանի Վրաստանի համար, քան արեց Սահակաշվիլին?


- Հարցը նրանում չի թէ ավել կանի կամ պակաս, հարցը նրանումն է, որ իշխանությունը պետք է փոխվի, 10 տարի իշխանության եղավ Սահակաշվիլին, հիմա ժամանակն է փոփոխությունների: Եթե այս նոր իշխանությունը լավը չլինի, կփոխենք ուրիշին կբերենք:


Մի պահ կարկամեցի, պատասխան չգտա, բայց ամբողջ ճանապարհին մտածում էի այդ շարքային վրացու մտածելակերպի մասին: Եթե Թբիլիսիի բենզալցակայանի աշխատակիցը, որին բնավ ինտելեկտուալ չես համարի, համոզված պնդում է, որ հաջողության ու զարգացման բանալին փոփոխությունների մեջ է և դինամիկան է շարժում հասարակությանն ու պետությանը, ապա այդ ժողովուրդը վաստակել է ինքնիշխան, անկախ ու ժողովրդավարական պետություն ունենալու իրավունքը: Իսկ այն արտահայտությունը, որ եթե լավ չաշխատի, կփոխենք, ուրիշ իշխանություն կձևավորենք, փաստում է մի բան. ժողովուրդը հասկացել, ընկալել է որ իշխանությունը իրականում պատկանում է իրեն և ընդունել է այդ իշխանությունը և դրա ամբողջ պատասխանատվությունը:


Հայաստանի հետ զուգահեռների անցկացումը թողնում եմ ընթերցողին. . .

 

 

Արթուր Ղազինյան