1275-ին վերսկսվեցին մամլուքների արշավանքները Կիլիկիա։ Նույն ժամանակ երկիր ներխուժեցին Փոքր Ասիայում հաստատված թուրքմենները, իսկ մոնղոլները տենդորեն պատրաստվում էին Ասորիքի գրավմանը։ 1281-ին մոնղոլական բանակը, որի շարքերում կռվում էին նաեւ հայ-վրացական զորամասեր, ծանր պարտություն կրեց մամլուքներից եւ Լեւոն Բ-ն, Կիլիկիան ավերածություններից զերծ պահելու նպատակով, ստիպված բանակցություններ սկսեց Եգիպտոսի սուլթան Մելիք-էլ-Մանսուրի հետ։

Միջնադարում ընդունված էր պայմանագիրը երկուստեք ամրագրել երդմնագրով, ինչը սովորաբար լինում էր բավականին երկարաշունչ, երբեմն մի քանի էջից բաղկացած։ Ստորեւ ներկայացվում է 1285 թ․ հայ-եգիպտական պայմանագրին («ԴԱՇՆԱԳԻՐ ԵՎ ՈՒԽՏ») ամրակցված Լեւոն Հեթումյանի երդմնագիրը․



«Ես Լեւոն, որդի Հեթումի, որդի Կոստանդնի․ Աստուծով (գրված է 3 անգամ), վասն Աստուծո (3 անգամ), հանուն Ասուծո (3 անգամ), ճշմարիտ Մեսիայով (3 անգամ), ճշմարիտ խաչով (3 անգամ), ճշմարիտ Ավետարանով (3 անգամ), ճշմարիտ Հորով, Որդով եւ Սուրբ Հոգով (3 անգամ), ճշմարիտ երեք անձերով եւ մեկ աստվածությամբ, ճշմարիտ չորս ավետարաններով, ճշմարիտ 10 աշակերտներով եւ 318 եկեղեցու պաշտպան եպիսկոպոսներով, Սրբուհի Մարիամով, Ս․ Հովհաննես Մկրտչով, Ս․ Թովմասով, Ս․ Մարկոսով, ճշմարիտ մեծ պահքերով, ճշմարիտ քրիստոնեությամբ, որ իմ կրոնն ու հավատն է, այն մկրտությունով, որ ընդունել եմ քահանաներից եւ հայրերից, այն բոլոր ճշմարիտ հայրերով, որ մերձ են առ Աստված․․․

Այս թվից, այս ժամից սկսած խոստանում եմ դնել մի անկեղծ եռանդ, մի ուղիղ նպատակ՝ ի հնազանդություն եւ ի կատարումն իմ պարտքերի առ մեր տերն Սուլթանն Մելիք էլ-Մանսուր։ Կուխտեմ պահպանել դաշնագրիս բոլոր պայմանները, որոնք պիտի մանրամասնվեն այս երդմանս տակ․․․ Պիտի հարգեմ այս զինադադարը մինչեւ ցվախճան պայմանաժամին եւ նրա պայմանները պիտի կատարեմ մի առ մի, խոստանում եմ նրանց հետեւել հավատարմաբար, ինչպես եւ բոլոր պարունակությանը․․․

 



Երբեք նրա դեմ չպիտի գործեմ ո՛չ խոսքով, ո՛չ գործով, ո՛չ նշանով, ո՛չ ակնարկությամբ․ չպիտի դնեմ ո՛չ մեկ մեկնություն, ո՛չ իմ երդմանս մեջ եւ ո՛չ հիշյալ զինադադարի գործադրման մեջ, չպիտի փնտրեմ ո՛չ մեկ առիթ այն բեկանելու կամ նրա որեւէ մասը ջնջելու։ Այս դաշնագրի վերաբերյալ, նրա բաղկացուցիչ կետերի եւ նրա սահմանած պայմաններից որեւէ մեկի մասին ուրիշի հետ չպիտի խորհրդակցեմ։ Եթե այս պայմանը ամբողջովին կամ մասամբ դրժեմ, եթե նրա մասին որեւէ մեկի հետ խորհրդակցեմ, եւ եթե վերապահումներ անեմ նրա ամբողջության կամ նրա այս կամ այն նախատեսումների մասին՝ ինչ որ ունեմ, շնչավոր էակ կամ նյութական առարկա, պետք է բախշվի իբրեւ ողորմություն քրիստոնյաների մեջ գտնվող աղքատներին ու չքավորներին, եւ ես հանձն կառնեմ 30 անգամ ուխտագնացություն կատարելու դեպի Երուսաղեմ, հետիոտն, գլխաբաց ու բոկոտն։ Հանձն կառնեմ պահք պահել ամբողջ կենացս մեջ, եթե չկատարեմ այս զինադադարի պայմանները, կամ նրանցից մի քանիսը, եւ կամ եթե կատարեմ մի գործ, որ այս պայմանի եւ նրա հոդվածներից որեւէ մեկի ճշտիվ կատարման հակառակ լինի։ Եւ այս բանը պիտի շարունակվի զինադադարի սկզբից մինչեւ այն պայմանաժամը, որ այս երդմնագրի մեջ որոշված է․․․

 



Այս զինադադարը պետք է տեւի ՏԱՍԸ ՏԱՐԻ, ՏԱՍԸ ԱՄԻՍ, ՏԱՍԸ ՕՐ ՈՒ ՏԱՍԸ ԺԱՄ՝ սկսած 664 թ․ երկրորդ ռեպի ամսվա առաջին հինգշաբթի օրից (1285 թ․, մայիսի 7)»։

ՀԳ - Ի դեպ, պայմանագրի ստորագրումից կարճ ժամանակ անց կրկին շարունակվեցին Լեւոնի նամակները Հռոմի պապին ու եւրոպական երկրների տիրակալներին՝ Եգիպտոսի դեմ համատեղ արշավանքներ կազմակերպելու խնդրանքով։ Այս ամենը սուլթանի աչքից չէր վրիպում։ 1292-ին մամլուքները ներխուժեցին Կիլիկիա, գրավեցին, թալանեցին ու ավերեցին կաթողիկոսանիստ Հռոմկլան։ Հայոց արքունիքը շարունակեց աղերսագրերի առաքումը Եւրոպա։ Լեւոնը հավատում էր, որ կգա այն օրը, երբ հնարավոր կլինի խաչակիրների հետ համատեղ ուժերով հասնել Եգիպտոսի կործանմանը։ Վերջինիս հետ հարաբերությունների կարգավորման կողմնակիցները դաժանորեն խոշտանգվում էին։

 

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ