Մամուլում շարունակվում են «Ժառանգություն» կուսակցության շուրջ քննարկումներն, հատկապես այն բանից հետո, երբ ներքին' հակընդդեմ հայտարարություններին հետևեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը: Կուսակցության առաջնորդը հանրապետության նախագահի և տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների միջև հանդիպումները ինքնանպատակ է համարում' ավելացնելով որ դրանք «ֆորմալ» բնույթ են կրում:


Այս հայտարարությամբ, կարծես, Րաֆֆի Հովհաննիսյանն իր բացասական վերաբերմունքն է հայտնում խնդրո առարկա հանդիպումների առնչությամբ, ինչը բնականաբար, վերաբերում է նաև իր կուսակցության ներկայացուցիչներին:


Շրջանառվող այլ լուրերի համաձայն' «Ժառանգություն»-ում նախապես որոշված է եղել, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման չեն գնալու, ինչի մասին տեղյակ են եղել կուսակցության բոլոր անդամները: Սակայն Ռուբիկ Հակոբյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, «Ժառանգության» ներկայացուցիչները գնացել են նախագահական' առանց տեղյակ պահելու մյուս կուսակիցներին:


Փաստորեն ի՞նչ է ստացվում. երկու դեպքում էլ իրավիճակը նախանձելի չի լինի, քանի որ եթե կուսակցության ղեկավարը խոստովանի, որ իր համաձայնությամբ են գնացել նախագահական, ապա կուսակիցների քննադատությունները կուղղվեն իր կողմը, իսկ հակառակ դեպքում կստացվի այնպես, որ կուսակցության ներսում այնպիսի բարձիթողի իրավիճակ է առաացել, որ յուրաքանչյուրն իրեն ինքնուրույն որոշումներ կայացնելու և այդ որոշումներն ի կատար ածելու իրավունք է վերապահում:


Իսկ գուցե երկու կողմերն էլ ճիշտ են ասում' ցանկանալով մի կողմից պահել քաղաքական դեմքը, մյուս կողմից բանակցել իշխանությունների հետ: Սակայն այս տեսակետը քիչ հավանական է թվում' հատկապես երբ հաշվի ենք առնում մնացած հարցերում ևս առկա տրամագծորեն հակառակ տեսակետներն ու դրանք արտահայտելու, կյանքի կոչելու համար մղվող ներկուսակցական անզիջում պայքարը:


Խնդիրն ինչ հանգուցալուծում էլ ստանա, ինչ խոսք ակնհայտ է, որ «Ժառանգության» ներսում բավականին հակասական տրամադրություններ են տիրում, ինչը մոտ ապագայում կարող է հանգեցնել կուսակցության համար ծանր հետևանքների:

 

 

Էրիկ Մելիքյան