Կարևոր ու օգտակար կլինի մեզ համար մշտապես հիշել, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրն ու, առհասարակ, հայ-թուրքական հարաբերությունների մեջ առկա հին ու արյունոտ կնճիռների թեման այսօր հանդիսանում են նաև միջազգային հարաբերություններում այլոց կողմից կիրառվող արդյունավետ քաղաքական-դիվանագիտական գործիքներ: Ամենևին չնսեմացնելով պաշտոնական Մոսկվայի կամ Փարիզի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու հետ կապված գործնական քայլերը, չեմ կարող միաժամանակ չնշել, որ դրանք թելադրված են եղել նաև հենց իրենց քաղաքական շահերով:Եթե Ֆրանսիայի ու ԵՄ-ի համար թուրքական մերժողականությունը Ցեղասպանության հարցում Անկարայի՝ ԵՄ անդամության ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտ ստեղծելու ծանրակշիռ փաստարկ դարձավ, ապա Ռուսաստանի համար հայ-թուրքական հարաբերությունների թշնամական բնույթը մշտապես հնարավորություն էր ընձեռում իր ռազմաքաղաքական ներկայությունը Փոքր Ասիայում և Հարավային Կովկասի տարածաշրջանում պահպանելու և ավելացնելու համար: Ցավալիորեն՝ հատկապես ռուս-թուրքական մշտական մրցակցությունը, որը մերթ-ընդ-մերթ զուգորդվում էր ժամանակավոր մարտավարական մերձեցումներով, հանգեցրեց նրան, որ Կոստանդնապոլսից մինչև Բաքու ընկած հսկայական տարածքը համարյա ամբողջությամբ զրկվեց իր բնիկ հայ բնակչությունից: Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը դեռևս լիովին ապահովագրված չեն արտաքին աշխարից եկող ահարկու սպառնալիքներից և հենց սրա մասին է, որ պետք է լրջագույնս մտածենք ու, մտաբերելով անցյալի դառը դասերը, ձգտենք գտնել մեզ խաղաղ ապագա ու զարգացման կայուն հեռանկարներ ապահովող քաղաքական բանաձևը:

 

 

Արման Մելիքյան