Տարածված մոլորություն կա, թե պետությունը պետք է մարդկանց դաստիարակի, հետ պահի անբարո կամ սխալ արարքներից, արգելի նման երևույթները հասարակության մեջ և աշխատի մարդու զարգացման վրա: Պետությունն այդ ամենի հետ բացարձակ կապ չունի: Դա մշակույթի գործն է:Որովհետև պետությունը և մշակույթը մի սկզբունքային տարբերություն ունեն. մշակույթը հիմնականում արգելքների համակարգ է, իսկ պետությունը՝ իրավունքների: Մշակույթն ասում է, թե ինչ չի կարելի անել, պետությունն ասում է, թե ինչը ինչպես է կարելի անել:Եվրոպական շատ հասարակությունների պրոբլեմն այն է, որ վարքի մշակութային կարգավորիչները (բարոյականությունը, ավանդույթը) մշակույթից վերցրել ու տվել են պետությանը ու մնացել են առանց մշակույթի, իսկ պետությունն այդ ամենը սահմանել չի կարող, որովհետև մշակույթն ասում է, թե ինչ չի կարելի անել, իսկ պետությունը պետք է ասի, թե ինչը ինչպես կարելի է անել:


Այսինքն, մշակույթը վերցնում է ինչ-որ մարդկանցից ինչ-որ բաներ անելու իրավունքը (մեծահասակներին չի կարելի չլսել, ծնողների չի կարելի չհարգել, կանանց չի կարելի հարվածել, ուրիշի կրոնական և այլ հայացքները չի կարելի անարգել), իսկ պետությունը սահմանում է, որ բոլոր մարդիկ ունեն նույն իրավունքները, մեծի և փոքրի տարբերությունը պետության մեջ դառնում է ոչ թե հասունությունը՝ պատասխանատվությունը և գիտակցությունը, այլ ընդամենը՝ տարիքը, տղամարդու և կնոջ միջև տարբերությունն առհասարակ վերանում է, և այլն:


Հակառակ օրինակն էլ է ճիշտ, որը նույնպես վկայում է մշակույթի և պետության՝ նույն հարցի վերաբերյալ հակասող դիրքորոշումների, մասին: Օրինակ, մշակույթում չի արգելվում, իսկ երբեմն՝ նաև խրախուսվում է ինքնադատաստանի երևույթը, պետության պարագայում՝ արգելվում: Մշակույթում տուժողն իրավունքն է ստանում վերականգնելու իր պատիվն ու անունն իրեն հասանելի ցանկացած միջոցով, պետությունը նման բան չի հանդուրժում:


Այսինքն, պետք է շատ զգույշ լինել, երբ խոսում ենք եվրոպական հասարակություն դառնալու նպատակի մասին, քանի որ եվրոպական հասարակությունները հիմնականում մնացել են առանց ավանդական մշակույթի, որին փոխարինել է առավելապես քաղաքացիական մշակույթը: Իսկ դրա պայմաններում պետությունը ստիպված է անընդհատ նոր իրավունքներ տալու մարդկանց՝ չկարողանալով արգելել մինչ այդ եղած մշակույթում շատ հանգիստ արգելվող կամ չխրախուսվող երևույթները (ընտանիքում կնոջ և ամուսնու հավասարությունը, սեփական կարծիքն ամեն տեղ արտահայտելը, սխալ պատկերացումը պնդելը և այլն): Եվս մի օրինակ. պետության պարագայում նորմալ է, երբ հանդագործություն կատարած մարդը հանձնվում է իրավապահ մարմիններին և համաձայնվում ստանալ օրենքով սահմանված պատիժը, մինչդեռ մշակույթում ընդունված է «փակել տուժողների բերանը, որ չբողոքոն», և բողոքի բացակայությունն ընկալվում է որպես արարքի ոչ-դատապարտելի («Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում դա լավ ներկայացված է):


Այսպիսով, մշակույթը և պետությունը կյանքի կազմակերպման տարբեր մոդելներ են, և դրանց համատեղումը շատ քիչ կետերով է հնարավոր:

 

 

Մովսես Դեմիրճյան