Այն ինչ տեղի ունեցավ ներքաղաքական զարգացումների ֆոնին առաջին հայացքից թվում է նորմալ քաղաքական իրադրություն, երբ կան գործող անձինք, կա նպատակակետ, և համապատասխան հանգուցալուծում: Սակայն համաձայնեք' երեկվա և այսօրվա Հայաստանում բացվեցին բացառապես տարբեր արշալույսներ:


Քաղաքական դաշտում արդեն մի քանի շաբաթ է, ինչ ընթանում են ընդգծված վերադասավորումներ, քաղաքական ուժերի նման իրավիճակը բնորոշ է նախընտրական շրջանններին. ՀՀ-ում այս գործընթացը, կարծես, մի փոքր վաղ է սկսվել, ավելին' կոնկրետ իրավիճակի հրամայականն էր այդպիսին:


Քաղաքական համակարգի հետադարձ կապի սխեման գործելու համար հարկավոր է ակնհայտ' իշխանություն-ընդդիմություն բևեռացումը' այդպիսին է դեմոկրատական համակարգերի պարտադիր պայմանները: Այնպես, որ հայրենի իշխանականները ձեռնամուխ են եղել նման կատարյալ քաղաքական համակարգ ստանալու քայլերի հաջորդաբար կատարմանը:


ԲՀԿ-ն' որպես քաղաքական կառույց, որն ուներ որոշակի վարչական և ֆինանսական ռեսուրսներ, մի քանի օրվա մեջ փոփոխվեց, տրանսֆորմացիայի ենթարկվեց' դառնալով սկզբից անորոշություն, իսկ արդեն նախօրեին' ընդդիմադիր կառույց:


Անդրադառնալով ԲՀԿ-ի անցած ուղուն' նշենք, որ հիմնվելով որպես իշխանությունների շահերը սպասարկող կուսակցություն, ԲՀԿ-ն հստակ տեսլական' քաղաքական դաշտում լինել ՀՀԿ-ին «այլընտրանք»: 2006-2010 թվականներին այս համակարգը աշխատեց կատարյալ' դաշտում ստեղծելով հիմնականում երկու խոշոր խաղացողների' ի դեմս ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի:


ԲՀԿ իշխանական ծագումնաբանությունը հենց այնպես չէր, և պատահական չէր, որ Բարգավաճի շարքերը համալրվեցին իշխանություններին սերտաճած գործարար-օլիգարխներ, որոք ուղղակի խնդիր ունեին' ձեռք բերել քաղաքական հովանավորչություն, կամ այլ կերպ ասած քաղաքական «տանիք»: ԲՀԿ-ը շարքերը համալրածների մի հատվածը, հիմնականում երիտասարդներ, հանձինս այդ ուժի, տեսնում էին քաղաքական կարիերա ստեղծելու իդեալական պլացդարմ, քանզի այլ կուսակցություններում բոլոր դերաբաշխումները արված էին: Չմոռանանք, որ բհկ-ականներ դարձածների մի հատվածն էլ այլ կուսակցություններից «օբիժնիկ» անհատներ էին:


ԲՀԿ հետագա գործողությունները, գոնե արտաքինից, դուրս էին նախատեսված ուղուց, ինչի արդյունքում դեպքերը զարգացան այլ պրիզմայով:


ԲՀԿ-ում կատարվեցին արմատական փոփոխություններ, և Ծառուկյանի' քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունից հետո, բնական է, որ վերոնշյալ' ինչ-ինչ պատճառներով ԲՀԿ-ին անդամակցած կուսակցականների սպասելիքները ի չիք դարձան' ոմանք էլ ուղղակի ապրեցին խորը հիասթափություն:
Կուսակցությունում ներկայումս ընթանում են նոր դերաբաշխումներ և ստեղծված իրավիճակում ԲՀԿ շարքերն ընդգրկված գործարար-պատգամավորների մի մասը լքեցին այն: Իսկ կարիերիստների բանակի հիասթափությունը կայանում է նրանում, որ բացի իրենց ֆինանսական հոսքերից, վերացավ նաև շատ արագ ժամանակահատվածում իշխանական բուրգը նվաճելու մոլուցքը:


Այսպիսով ԲՀԿ-ի լեգենդն այլևս չկա' ստեղծված փուչիկը պայթեց:


Ցանկացած անհատ, ով զբաղվում է, ու դեռ ապագայում պետք է զբաղվի քաղաքականությամբ, պետք է շատ խորն ուսումնասիրի քաղաքական գործընթացների պրակտիկան' հատկապես ՀՀ-ի:

 

 

Արմեն Հովասափյան