Այն հայտարարությունը, որ հնչեցրեց ԲՀԿ արդեն նախկին ղեկավար Գ.Ծառուկյանը, սպասելի էր բոլորի համար: Կուսակցությունից դուրս գալու և քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալուց հրաժարվելու մասին կանխատեսում էին շատերը: Անակնկալ չէր նաև կուսակցության նոր ղեկավարի պաշտոնում Ն.Զոհրաբյանի առաջադրումը. արդյունքւմ հենց վերջինս ընտրվեց ԲՀԿ նախագահ:


Այս պահին, սակայն կարևոր չէ, թե ինչպիսի համատեքստում է շարունակելու տվյալ կուսակցությունն իր քաղաքական գործունեությունը և ինչ ակնկալիքների կարող է հասարակությունը սպասել նրանից, հատկապես, որ ինչպես և Ն.Զոհրաբյանը հայտարարեց իրենք որոշակի դադար են վերցնում՝ հասկանալու համար հետգա անելիքների ու քայլերի հաջորդականությունը:


ԻՆչևէ, կուսակցությունը, կարծես, պասի մեջ է, իսկ նախկին առաջնորդն էլ, ըստ էության, հանգստանալու, խորհելու և կյանքը նորովի սկսելու համար բավականին ժամանակ ունի: Իհարկե, մի քանի ամիս առաջ շատ քիչ մարդիկ կարող էին կանխատեսել, որ իրավիճակն այսպես է դասավորվելու, բայց քաղաքականությունն այդպիսին է, և նմանատիպ դրսևորումները թեև հազվադեպ, այդուհանդերձ, արձանագրվում են:


Ուստի նաև անհրաժեշտ է բոլոր ուժերը կենտրոնացնել ոչ թե ապագայի շուրջ տարատեսակ կանխատեսումներ անելու վրա, այլ փորձել հասկանալ, թե ինչպես կարելի է օգտագործել այն ռեսուրսները, որոնք կարող են այսուհետ անտեսվել կամ չեզոքացվել: Այս առումով կարևոր է, որպեսզի Գ.Ծառուկյանին քարկոծելու փոխարեն, վերջինիս շուրջ առկա ռեսուրսները և հնարավորություններն ուղղել տարբեր ոլորտների զարգացմանը:


Դե ինչպես հայտնի է ԲՀԿ նախկին առաջնորդը մեծ ավանդ ունի վերջին տարիներին հայկական սպորտի զարգացման գործում, և այդ ոլորտում Ծառուկյանը, կարծում եմ, կշարունակի իր ներդրումը ունենալ: բայց կան ոլորտներ որոնք ևս խոշոր ներդրումների և ուշադրության կարիք ունեն: Օրինակ զբոսաշրջությունը: Գաղտնիք չէ, որ պետությունը բավարար հնարավորություններ չունի զբոսաշրջությանը զարկ տալու և առավել բարձր ցուցանիշներ արձանագրելու համար:


Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանը բավականին գրավիչ է զբոսաշրջության տեսանկյունից, առավել ևս՝ ունենք մեծ սփյուռք, ապա անհրաժեշտ է նշված ոլորտին մեծ ուշադրություն դարձնել: Իսկ Ծառուկյանը կարող է այդ հարցում իր գործուն մասնակցությամբ օգտակարություն ունենալ: Մասնավորապես վերջինիս պատկանող բիզնեսները՝ սպասարկման ոլորտում՝ հյուրանոցվներ, ժամանցի վայրեր, հանգստյան գոտիներ ավելի ընդլայնելու պարագայում դրական տեղաշարժ կգրանցվի:


Գումարներ պետք է ուղղվեն նաև տեսարժան վայրերի, պատմամշակութային հուշարձանների մոտակա տարածքների բարեկարգման և տարբեր կոմունիկացիոն հարմարությունների ներդրման ծրագրերի իրականացմանը: Այդ ամենը կնպաստի որպեսզի մեր երկիրն ավելի գրավիչ դառնա զբոսաշրջության տեսանկյունից, իսկ պետական բյուջեն կհամալրվի հավելյալ գումարներով. արդյունքում, անկասկած, նպաստավոր պայմաններ կստեղծվեն տնտեսական զարգացման ուղղությամբ:

 

 

Մարատ Ստեփանյան