Ինչպես նկատում ենք, հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման շուկաների աշխարհագրությունը բավականին փոքր է: Այն սահմանափակվում է նախկին խորհրդային մի քանի պետություններով՝ Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս: Բացի փոքր աշխարհագրությունը, հայկական մրգերի արտահանումն ունի դիվերսիֆիկացիայի շատ ցածր աստիճան: Եթե չհաշվենք ֆիզիկական անձանց միջոցով և շատ փոքր խմբաքանակներով Վրաստան արտահանվող մրգերի քանակը, ապա մեծածավալ արտահանումների ավելի քան 62.7-68%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին և կարելի է ասել, որ այն ամբողջապես կախված է մեկ շուկայից, որի համար առաջարկում ենք առանձնացնել հետևյալ հիմնական դրդապատճառները.


Հայաստանի անկախացումից հետո Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի գլխավոր քաղաքական և տնտեսական գործընկերը, Ռուսաստանը Հայաստանին ամենամոտ խոշորագույն շուկան է, որի հետ կարգավորված են տրանսպորտային հաղորդակցության խնդիրները, աշխարհագրական տեղադիրքի և բնակլիմայական պայմանների պատճառով Ռուսաստանում չեն արտադրվում այն մրգերը, որոնցով Հայաստանը մուտք է գործում է այդ շուկա,Ռուսաստանում հայկական մրգերը, ինչպես նաև վերամշակումից հետո ստացվող պահածոները, մրցակցում են այլ երկրներից (Մոլդովա, Ռումինիա, Թուրքիա, Հունաստան, Ադրբեջան, Ուզբեկստան) ներմուծված մրգերի և այլ ապրանքատեսակների հետ, հայ արտահանողները Ռուսաստանում գործելու համար չունեն լեզվական խոչընդոտներ, ինչը թույլ է տալիս շփվել ինչպես սպառողների, այնպես էլ վերահսկող և կարգավորող պետական մարմինների հետ, Ռուսաստանում բնակվում է հայկական սփյուռքի ամենախոշոր խումբը (շուրջ 2 մլն.), որը ևս հանդիսանում է Ռուսաստանում հայկական մրգերի, բանջարեղենի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային (ինչպես նաև այլ ապրանքների) նկատմամբ պահանջարկ ձևավորող գործոն, դեռևս խորհրդային տարիներից հայկական գյուղատնտեսական տարբեր արտադրատեսակներ Ռուսաստանի տարածքում ունեցել են ճանաչում, ինչը մինչ այսօր նպաստում է այդ երկրում հայկական մրգերի առաջխաղացմանը:

 

Երկրորդ շուկան, որտեղ մշտապես ներկայացված են հայկական մրգերը, Վրաստանն է: Դա ևս ունի օբյեկտիվ պատճառ, քանի որ Վրաստանը Հայաստանի մերձավոր հարևանն է, և Վրաստանի շուկան բաց է հայկական գյուղատնտեսական մթերքների համար: Վրաստան արտահանում են ինչպես հայկական արտահանողները, այնպես էլ ֆիզիկական անձինք՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից:


Մյուս շուկաներում հայկական մրգերն առայժմ չունեն նույն դիրքերը, ինչ Ռուսաստանում: Դա են վկայում դեպի Ուկրաինա և Բելառուս մրգերի արտահանման փոքր և անկայուն քանակները: 2008-2013թթ. հայկական արտահանողները շեշտադրել են այդ շուկաները (Աղյուսակ 1.1.1): Սակայն թիրախավորվել են ոչ թե կոնկրետ այդ երկրները, այլ խնդիր է դրվել ընդլայնել գյուղատնտեսական ապրանքների արտահանման աշխարհագրությունը: Դա այսօր հայկական արտահանողների համար ռազմավարական նշանակության խնդիր է:


Ընդհանուր առմամբ Հայաստանի ագրոպարենային ոլորտն իր դինամիկ զարգացմանը զուգընթաց ունի աճի ու արտահանման հսկայական ներուժ, քանի որ հայկական կազմակերպությունները ի վիճակի են բավարարել ներքին սպառողի պահանջները և արտադրել ավելի մեծ քանակություն, որն էլ կարող է ուղղվել արտահանմանը, որի իրագործման նպատակով այսօր պետության կողմից ստեղծվել են նպաստավոր պայմաններ՝ ներդրումներ կատարելու համատեղ ձեռնարկություններ ստեղծելու, առևտրային և այլ բնույթի համագործակցության համար:


Կատարված վերլուծությունները հնարավորություն տվեցին պարզաբանելու նաև, որ Հայաստանի ագրովերամշակող արդյունաբերությունը բավականին բազմազան է, ունի արտահանման միտվածություն և ընդգրկում է սննդարդյունաբերության գրեթե բոլոր ոլորտները, որոնցից առավել մեծ ծավալներ են կազմում խաղողի, պտուղ-բանջարեղենի, կաթի և ծխախոտի վերամշակման ճյուղերը: Միաժամանակ, նշված ոլորտներում տեղակայված արտադրական հզորությունները այդ ոլորտների զարգացման և արտադրության ծավալների ավելացման մեծ ներուժ են պարունակում, սակայն այսօրվա դրությամբ օգտագործվում են առկա արտադրական հզորությունների մինչև 30%-ը: Ագրովերամշակման ոլորտի կայուն զարգացումը շատ կարևոր է, քանի որ դրանից կախված զարգանում են նաև երկրի գյուղատնտեսության մյուս հիմնական ճյուղերը՝ բուսաբուծությունն ու անասնաբուծությունը:


Այս ամենից զատ, ՀՀ-ը պետք է դիվերսիֆիկացնի արտահանման շուկաները, որպեսզի քիչ կախում ունենա մեկ շուկայից: Սա կարևոր պայման է մեր տնտեսության համար, քանի որ ՌԴ-ի տնտեսության վայրիվերումները ուղիղ ազդեցություն են ունենում ՀՀ-ից արտահանող կազմակերպությունների վրա: Նմանատիպ իրավիճակ է նաև Վրաստանում և փոխարժեքի տատանումները, անշուշտ, նույպես բացասական ազդեցություն է թողնելու արտահանման վրա:Եվ ինչպես տեսնում եք ՀՀ-ից արտահանվող գյուղատնտեսական արտադրանքի առաջին երկու շուկաները (աղյուսակ 1.1.1) այսօր ունեն խնդիրներ և այս խնդիրը մեզ շատ չեր մտահոգի այն դեպքում, երբ մենք դիվերսիֆիկացնեինք մեր արտահանման շուկաները:Ինչպես նաև հարկավոր է, որ գիտակցենք, մեզ անհրաժեշտ են նոր շուկաներ'ԵՄ, ԱՄՆ այլն: Սրանք երկու հզոր շուկաներ են, որտեղ արտահանող կազմակերպությունները կարող են ոչ միայն բարձր եկամուտ ունենան, այլ նաև տվյալ շուկաները կդառնան մեզ համար այլընտրանքային շուկաներ:Այդ շուկաներ մուտք գործելու համար մեզ պետք է համապատասխան ստանդարտների կիրառում, որոնց կանդրադառնամ հաջորդ հոդվածներում:

 

 

 

Համլետ Թադևոսյան