Համեմատաբար հանդարտ քաղաքական շրջանում անգամ, որոշ ուժեր փորձում են «արհեստական շնչառությամբ» դաշտը վերադարձնել իր հին տեմպերին, իսկ ընդիմադիր բևեռում առաջացած թափուր տեղն ամեն գնով լրացնել:


Հիմնադիր խորհրդարանի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խոսում է Քաղաքացիական բանակի ձևավորման մասին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ այն ժողովրդին համախմբող և քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններով ռեժիմին հեռացնող կազմակերպական ուժ է:


Հետաքրքիր է թե ինչ է իրենից ներկայացնելու «քաղաքացիական բանակը»: Մենք բոլորս, կարծում եմ շատ լավ հասկանում ենք «բանակ» բառի նշանակությունը, բանակի առաքելությունն ու հիմնական գործունեության բովանդակությունը, սակայն ի ՞ նչ է իրենից ներկայացնելու քաղաքցիական բանակը և մինչև ու՞ր են գնալու Սեֆիլյանի ստեղծած «գումարտակները»: Մինչ ստեղծելը պետք է այս հարցերին ֆունդամենտալ բացատրություն տրվի, օրինակ, թե ո՞րն է լինելու Քաղաքացիական բանակի հիմնական գործառույթը' կրակելու է, ծեծլու է չհնազանդվողներին, թե՞ քարերով հարվածելու է ոստիկաններին:
Մեզ համար գաղտնիք չէ, որ հասարակական կյանքում, քաղաքական հարթակներում շատ են մարդիկ, ուժերը, ովքեր չեն կիսում Հիմնադիր խորհրդարանի և մասնավորապես Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական հայացներն ու տեսլականը: Արդյո՞ք քաղաքցիական բանակը պատրաստվում է «մարտնչել» իրենց գաղափարները չկիսողների դեմ:


Ես հարգում եմ Սեֆիլյանին, որպես ազատամարտիկ, բայց հաշվի առնելով նրա ռադիկալ մոտեցումներն ու ծայրահեղական գաղափարները, կարծում եմ որ ամեն դեպքում պետք է զերծ մնալ նման նախաձեռնություններից:


Նման գործընթացներն ամեն դեպքում պայթունավտանգ են և պարունակում են մի շարք ռիսկային գործոններ:

 

 


Ռուբեն Խաչատրյան