Ընդդիմության առկայությունը՝ լինի այն, այսպես կոչված, կառուցողական, թե ոչ, կատարում է կրակի վրա դրված՝ ջրով լի կաթսայի գոլորշին բաց թողնող կաթսայի կափարիչի վրայի անցքի դերը: Դրա բացակայությունը բերում է կափարիչի դուրս շպրտվելուն և կաթսայի պարունակության մի մասի դուրս թափվելուն: Այնպես որ վարչակազմը ուզի թե չուզի՝ մոտ ապագայում կձևավորվի ընդդիմություն՝ բականաբար իրեն հարմար ընդդիմություն: Ընդդիմադիր առանձին անհատների, քաղաքացիական խմբերի ու նախաձեռնությունների, ինչպես նաև որոշակի արժեհամակարգ կրող կուսակցությունների ինքնակազմակերվածության աստիճանից է կախված՝ թե ով առաջինը կհասցնի զբաղեցնել «ոչիշխանական» կոչված եռյակի կողմից դատարկ թողնված տարածքը: Նաև հենց այդ երևույթից է կախված, թե արդյոք մեր երկրում առաջիկայում կձևավորվի արժեքային կուռ համակարգով ընդդիմություն, թե կստացվի վարչակազմի կիսակցորդ-կիսաընդդիմադիր ամորֆ «մարմին», ընդ որում, տվյալ գործընթացում առաջնային դերակատարում է ունենալու ազգային, գենդերային, կրոնական և այլ հարցերի նկատմամբ վերաբերմունքը՝ հանդուրժողական, թե անհանդուրժողական: Առաջինի դեպքում կունենանք ընդդիմություն ապօրինություններին, մարդու իրավունքների խախտումներին և այլն, երկրորդի դեպքում կունենանք վարչակազմի կողմից արժեքայնորեն վերահսկվող կիսակցորդ-կիսաընդդիմադիր կառույցներ:

 

 

Վախթանգ Սիրադեղյան