Լենկթեմուրյան մղձավանջից հետո Հայաստանում իշխում էր կարա-կոյունլու թուրքմենական ցեղը: Կարա-կոյունլու տիրակալ Ջհանշահը համեմատաբար մեղմ քաղաքականություն էր վարում հայերի նկատմամբ՝ ցանկանալով նրանց օգնությամբ վերականգնել երկրի ավերված տնտեսությունը։ Նրա թույլտվությամբ 1441-ին Հայոց կաթողիկոսությունը Կիլիկիայի Սիս քաղաքից փոխադրվեց Էջմիածին։ Նա անգամ ընդառաջում է Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Աղթամարցու խնդրանքին՝ վերականգնելու Վասպուրականի թագավորությունը։

 

 

Զաքարիան սերում էր Արծրունիների թագավորական ընտանիքից՝ «Գագիկ Արծրունի մեծ թագավորի արմատից ու ցեղից»։ Նա Հայոց թագավորի թեկնածու է առաջարկում իր եղբորորդուն եւ ստանալով Ջհանշահի համաձայնությունը՝ 1465թ. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Սմբատ Արծրունուն օծում է Հայոց թագավոր։ «Եվ այնժամ պարոն Սմբատին օծեցին Հայոց թագավոր' իր նախնի Գագիկի օրինակով։ Եվ թո՛ղ Աստված զորացնի նրա թագավորությունը, բարձրացնի նրա աթոռը, քանզի վաղուց Հայոց ազգը թագավոր չէր տեսել»։

 

 

Սմբատին չհաջողվեց ստեղծել համահայկական թագավորություն: Նրա իշխանությունը տարածվում էր Աղթամար կղզու և Վանա լճի առափնյա որոշ տարածքների վրա։ Կարա-կոյունլուներին պարտության մատնելուց հետո՝ ակ-կոյունլուները 1468-ին վերացրին նաեւ Սմբատի թագավորությունը:

 

 

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ