Դիմում եմ քեզ՝ մի հարցի պարզաբանման ակնկալիքով, և բացարձակապես չեմ հավակնում, որ իմ տեսակետն ընդունես որպես միակ ճշմարտություն: Հարցս հետևյալն է. երբ հանրահավաքում ելույթ ունեցողն ասում է, որ հավաքվել եք՝ ազգն ու պետությունը փրկելու, դու իրո՞ք այդ խոսքերին հավատում ես:


1. Բանն այն է, որ ազգը և պետությունը, նախևառաջ, ոչ թե փրկելու, այլ՝ ավելի կազմակերպվելու, և դրա միջոցով՝ կայանալու կարիք ունեն: Ո՛չ ազգը, ո՛չ պետությունը չի փրկվում, որովհետև այս պահին վերանալու շեմին կանգնած չէ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը:


2. Պրոբլեմներ երկուսն էլ ունեն, բայց պրոբլեմները լուծում են, ինչպես, օրինակ, վատառողջ մարդուն բուժում են հիվանդությունից, ոչ թե՝ փրկում մահից: Փրկությունն առհասարակ վայրկյանական կատարվող գործողություն է. փրկում են մահից՝ մեքենայի տակ ընկնելու, կամ խեղդվելու վտանգի ժամանակ, բայց ազգն ու պետությունը նման իրավիճակներում չեն հայտնվում: Այնպես չի, որ ես ու դու հայ ազգի վերջին ներկայացուցիչներն ենք, ու մեզնից է կախված այդ ազգի լինել-չլինելը, կամ պետությունը փորձում են ջնջել քարտեզի վրայից, և այդ հանրահավաքից է կախված՝ պետությունը կմնա, թե չի մնա մոլորակի վրա:


3. Երբ ելույթ ունեցողն ասում է, որ հավաքվել եք փրկելու ազգը և պետությունը, նա ուզում է, որ դու մտածես, թե եկել ես հրապարակ՝ մի շատ կարևոր և մեծ գործ անելու, թե իբր այնպիսի կարևոր գործի մասնակից ես, որը պատմական և ազգային մեծ նշանակություն ունի: Դա կեղծ զգացողություն է, քանի որ ոչ մի մեծ, պատմանակ և ազգային արժեք հանրահավաքը և դրան քո մասնակցությունը չունի:


4. Ազգի, պետության, հասարակության փրկությամբ զբաղվողները կա՛մ հանճարներ են, կա՛մ մոլորյալներ, կա՛մ շառլատաններ, կա՛մ խելագարներ: Եթե ելույթ ունեցողը հանճար է, ապա նա չունի մեր կարիքը՝ ազգը, պետությունն ու հասարակությունը փրկելու համար, չէ՞ որ նա հանճար է: Իսկ եթե հանճար չէ, ապա մյուս երեք տարբերակներից որն է լինի՝ չարժե նրա համար գնալ հանրահավաք:

 

 

Մովսես Դեմիրճյան