Ժառանգություն կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 1-ի հանրահավաքում հնչեցրած ելույթը, մասնավորապես, քաղաքական ուժերին վերաբերող հատվածը, ասել է, թե «չգիտեմ ում է վերաբերում այդ խոսքը, ուղիղ խոսք եթե չկա, չեմ կարող մեկնաբանել։ Ցանկացած պարագայում ես կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ այնտեղ խոսք չկար»:


Սա այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանն այդ ելույթում հայտարարել է, թե «ընդդիմության դաշտում կրկին միայնակ մնացած Հայ Ազգային Կոնգրեսին ժամանակ է պետք իր հետագա գործունեության մարտավարությունը ճշգրտելու եւ պայքարի շարունակման քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար»։ Ուշադրություն դարձրեք՝ «ընդդիմադիր դաշտում միայնակ մնացած», իսկ թե որտեղ է «Ժառանգություն»…


Փաստացի, ուղիղ խոսքով, ՀԱԿ-ի ղեկավարը հայտարարում է, որ քաղաքական դաշտում միակ ընդդիմադիր ուժը Հայ ազգային կոնգրես կուսակցությունն է, իսկ Արմեն Մարտիրոսյան «չգիտի, թե ում է վերաբերում տեր-Պետրոսյանի խոսքը»:


Եթե Ժառանգությունը, որպես կուսակցություն ավարտել է իր առաքելությունը, այլ թեմա է, սակայն, կարծես թե, այդ մասին հրապարակային հայտարարություն չի հնչել: Եթե չկա որևէ սխալմունք, դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ Ժառանգությունը հայտարարել էր, որ հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից:


Այս դեպքում ստացվում է, որ կամ Արմեն Մարտիրոսյանն անմեղսունակ է, որ չի ընկալում այն ամենը ինչ հնչել է Տեր-Պետրոսյանի ելույթում կամ Ժառանգությունում քաղաքական կուրս է փոխվել ու այդ ուժը տեղափոխվել է իշխանական դաշտ:


էլ ի՞նչ պետք է հայտարարեր ՀԱԿ-ը, որ Արմեն Մարտիրոսյանը կամ այդ կուսակցությունում մնացած մի քանի տասնյակ մարդիկ հասկանային, որ Տեր-Պետրոսյանը փաստացի ասում է, որ Ժառանգությունն ու մնացած ուժերը ընդդիմադիր դաշում չեն:


Արմեն Մարտիրոսյանն իր ոչ ադեկվատ մեկնաբանություններով նաև ցույց է տալիս, որ Ժառանգությունը ևս ավարտել է իր առաքելություն:

 

 

Վաչագան Գևորգյան