Մարտի մեկի հանրահավաքը կայացավ միայն ՀԱԿ-ի նախաձեռնությամբ, և ոչ «Ժառանգությունը» ու որևէ այլ քաղաքական ուժ չմիացավ ՀԱԿ-ի հանրահավաքին: Ավելին' ՀԱԿ առաջնորդը, ելույթ ունենալով Ազատության հրապարակի հարթակից, անուղղակիորեն կերպով ՀԱԿ-ին որպես միակ «իրական» ընդդիմություն հայտարարեց, իսկ մյուս ընդդիմադիր ուժերին համարեց որպես պսեվդոընդդիմադիր ուժեր, որոնք ցանկանում են կատարել ընդդիմափոխություն:


Եթե որոշակի ժամանակ միակ և «իրական» ընդդիմություն էր համարվում եռյակը, իսկ մյուս ընդդիմադիր ուժերը' լուսանցքային ու մարգինալ, ապա ինչու է այսօր դաշտում ՀԱԿ-ը միայն իրեն տեսնում որպես իրական ընդդիմության, ինչն է փոխվել:


Խնդիրն այն է, որ ՀԱԿ-ը, համագործակցելով «Ժառանգության» և ԲՀԿ-ի հետ, որոշակի հարցերում մուտացիայի էր ենթարկվել, այսինքն' ձևախեղվել էր: Այլ կերպ ասած ՀԱԿ-ը, գործակցության ձևաչափ ստեղծելով ԲՀԿ-ի հետ, որոշակիորեն փոխել էր և մեղմացրել էր իր արմատական մոտեցումները, նույնիսկ իր վրա կրել «ոչ իշխանական» անվանումը: Իրականում տեղի ունեցածը նահանջ էր ՀԱԿ-ի կողմից' հանուն ԲՀԿ-ի հետ համագործակցության:


Իսկ հիմա արդեն, երբ ԲՀԿ-ն գտնվում է չկողմնորոշված վիճակում և իրեն դուրս է դնում ընդդիմադիր դաշտից, նման իրավիճակում ՀԱԿ-ը ստիպված է վերադառնալ իր նախկին ելման դիրքերին, միաժամանակ լուսանցքային ընդդիմադիր ուժերը վերածվում են օպոզիցիոն արենայում ՀԱԿ-ի հակառակորդների:
Այսինքն' ընդդիմադիր դաշտում այսպես կոչված «ոչ իշխանական փուչիկի» պայթյունի արդյունքում ոչ միայն փլուզվեց եռյակը, այլ նաև ՀԱԿ-«Ժառանգություն» համագործակցությունը, և դաշտում մնացին միայն ընդդիմադիրները, որոնցից ամենակենսունակն էլ իշխանության հետ պայքարի մեջ մտնելու հայտ կարող է ներկայացնել: Այլ բառերով ասած' հեգեմոն ընդդիմադիր դառնալու համար պայքարը ընդդիմադիրների միջև այլևս իրողություն է:

 

 

Նարեկ Պողոսյան