Քաղաքական չարիք լինելու մեխանիկան


ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այդ ուժը բարեհաջող սլանում է դեպի քաղաքական աղբանոց: 2008-ի հսկայական քաղաքական կապիտալը Լևոն Տեր-Պետրոսյանն այս տարիների ընթացքում այնպես մսխեց, որ դրանից այլևս ոչինչ չի մնացել:


Մեկ երկխոսելով իշխանության հետ, մեկ սեր խոստովանելով ԲՀԿ-ին, ում նույն ԼՏՊ-ն մեղադրում էր մարտի մեկի սպանդում ունեցած դերակատարության մեջ, մեկ նամակ-աղերսագիր գրելով Սերժ Սարգսյանին, իսկ վերջում էլ անխնա ծաղրելով ու վարկաբեկելով ընդդիմադիր դաշտի այլ սուբյեկտների, որոնք ժամանակին իր ամենամերձավոր զինակիցներին էին՝ փաստորեն այդով Տեր-Պետրոսյանը ուղղակի վերջնականապես բռնաբարեց քաղաքականության վերաբերյալ հայտնի շատ թե քիչ բարոյական արժեքները: Ինչևէ, ՀԱԿ-ի կարապի երգը երգված է: Նա այլևս ի զորու չէ հրապարակ բերել գոնե 5000 մարդու: Ու դա շատ լավ տեսնում ու հասկանում է Լևոնը, դրա համար այժմ փորձում է մաքրել ընդդիմադիր դաշտը իրեն խանգարողներից:


Նրա վերջին կոդավորված խառնակչությունը' «Դավալուից (Արամ Զ.Սարգսյան, Հանրապետություն) ցախավելը հեծած (Ալեքսանդր Արզումանյան, ՀՀՇ), «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին (Նիկոլ Փաշինյան, Քաղաքացիական պայմանագիր) և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ (Պարույր Հայրիկյան, ԱԻՄ և Րաֆֆի Հովհաննիսյան, Ժառանգություն, Շանթ Հարությունյան), հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, և շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը (Ժիրայր Սեֆիլյան, Հիմնադիր խոհրդարան):


Դե այս կոդը բացելն այնքան էլ դժվար չէր: Պարզապես մի դիտարկում՝ ես միշտ ասել եմ ու հիմա էլ կասեմ՝ բոլոր նրանք, ովքեր ժամանակին նպաստեցին Տեր-Պետրոսյանի քաղաքական վերակենդանացմանը, նրանից ոչնչով լավը չեն: Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալիկ Արզումանյանը և այլոք: Հենց նրանք են այս քաղաքական չարիքին վերածնունդ տվողները, հետևաբար նույն Նիկոլը, ով սուրն առած աջ ու ձախ վարկաբեկում է Տեր-Պետրոսյանին, նրանից ոչնչով լավը չէ, նրա պես զբաղված է քաղաքական խառնակչությամբ:


Քաղաքական դաշտի զուլալումը սարերի հետևում չէ: Եվս 2 տարի ու քաղաքական արենայում այլևս ստիպված չենք լինի հանդուրժել ՀԱԿ-ի, Ժառանգության, ԲՀԿ-ի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Նաիրա Զոհրաբյանի, Րաֆֆու, պնակալեզ Դաշնակցության և այլոց ճամարտակություններն ու դեմագոգ ելույթները, ստիպված չենք լինի Լյովիկ Զուրաբյանից անվերջ լսել, թե ռեժիմը հոգեվարքի ու խուճապի մեջ է, ու որ հեսա կփախնի առանց հետ նայելու, ստիպված չենք լինի ԼՏՊ-ից լսել հերթական քաղաքագիտական վերլուծությունը բուրժուադեմոկրատական հեղափոխության, հայկական իվանիշվիլիների ու ծախված ընդդիմադիրների մասին:


Այս ամենը տեղի կունենա ՀՀ քաղաքացու ձեռամբ, քվեախցիկում, այս ուժերին քաղաքական աղբանոց ուղարկելով: Մնում է միայն հասարակությունը գեթ մեկ անգամ քվեարկի առանց փողի, առանց այդ գրոշների ու բացի նշածս փոփոխությունները, մենք կունենանք նաև նոր իշխանություն, հաստատ կունենանք:

 

 


Անահիտ Կարապետյան