Պոլսո Արդարադատության նախարարության շենքում, որի ճակատի մարմարին փորագրված էր՝ «Արդարադատությունը պետության հիմնաքարն է», 1915 թ. նոյեմբերի 28-ին թրքական մեջլիսը հավաքվել էր հերթական նիստին: Նիստը բացելուց առաջ, «սգավոր» ձայնով, Սայիդ Հալիմ փաշան հայտարարեց. «Ինձ վրա տխուր պարտականություն է դրված՝ մեջլիսին հայտնելու մեր երկու հռչակավոր մեբուսների (երեսփոխան)՝ Վարդգես Սերինգյուլյանի եւ Գրիգոր Զոհրապի մահը: Նրանք դաժանաբար սպանվել են երկու բիրտ ավազակների՝ Չերքեզ Խալիլի եւ Չերքեզ Ահմեդի ձեռքով... Հայ էֆենդիները միշտ մեր մեջլիսի պարծանքն են եղել: Թուրքիան կարող է հպարտանալ իր արդարակորով եւ արժանավոր զավակներով: Մենք խորին ցավակցություն ենք հայտնում նրանց հարազատներին, բարեկամներին եւ անձամբ Մեծ եպարքոս Թալեաթ փաշային, որի մտերիմներն են եղել մեր ընկերները: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգել նրանց պայծառ հիշատակը»:


Պատգամավորները ծուլերեն բարձրացան, ժպիտներ փոխանակեցին եւ անմիջապես էլ փլվեցին իրենց փափուկ աթոռներին: