Քչերը կհասկանան, թե ինչ է նշանակում նախագահի վերջին աշխատանքային օրը: Այն պարզ պատճառով, որ մեզանից քչերին է բախտ վիճակվել նախագահ լինել: Այսօր աշխարհի ամենահետաքրքիր եւ ամենաինքնատիպ առաջնորդներից մեկի՝ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի վերջին աշխատանքային օրն է: Համոզված եմ՝ շատ շատ ղեկավարների համար նախագահական պալատին հրաժեշտ տալը չափազանց ցավալի է, ողբերգության նման մի բան: Բայց ոչ Մուխիկայի համար, որը մինչեւ երկուշաբթի, երբ պետության առաջնորդի պաշտոնը կստանձնի Տաբարե Վասկեսը, դեռ երկու օր ունի, ինչպես ասում են՝ իրերը հավաքելու համար: Չեմ էլ կարծւում, թե Մուխիկան նախագահականում շատ իրեր ունի, որովհետեւ նա երբեք սեր չի ունեցել պալատների հանդեպ: Միշտ ասել է՝ ՙՆախագահը թագավոր ու Աստված չէ: Նա քաղաքացիական ծառայող է: Եվ իմ կարծիքով, նախագահի պարտականությունն է՝ ապրել այնպես, ինչպես ապրում է այն ժողովրդի մեծամասնությունը, որին նա կոչված է ծառայել՚:


Հենց այդպես էլ ապրել է Մուխիկան՝ իր նախագահության հինգ տարիների ընթացքում՝ մայրաքաղաք Մոնտեվիդեոյի մոտակայքում գտնվող իր փոքրիկ տանը՝ կնոջ հետ, շարունակելով քրիզանտեմներ աճեցնել ու ամեն օր աշխատանքի էր գնում իր հին, շատ հին ՙՖոքսվագենով՚, որը Հայաստանում շատերը կամաչեին նույնիսկ իրենց դռան առաջ կանգնեցնել: Ու հիմնավորում էր՝ ՙԵս չեմ ակնկալում, որ ուրիշներն ապրեն ինձ նման: Ես հարգում եմ ուրիշների ազատությունը, բայց ես նաեւ պաշտպանում եմ իմ սեփական ազատությունը՚: Նախագահական աշխատավարձն էլ, որը կազմում է ամսական մոտ տասներկու հազար դոլար, 90 տոկոսով նվիրարաբերում էր բարեգործական կազմակերպություններին՝ որպես աջակցություն աղքատներին ու նաեւ նրանց, ովքեր փորձում են սեփական համեստ գործ սկսել: Ու երբ արտասահմանցի լրագրողները հարցնում էին՝ Լավ, բա ինչպես եք յոլա գնում, պատասխանում էր՝ ՙՇատ լավ էլ ապրում եմ, որովհետեւ բազմաթիվ ուրուգվայցիներ սրանից էլ պակաս փողով են գոյատեւում՚:


Այս եզակի մարդը, որը ժամանակին մարքսիստական զինված խմբավորման անդամ էր, դատապարտվել էր տասնչորս տարվա ազատազրկման, բանտից փախչելիս էլ վեց տեղից վիրավորվել էր, նախագահ դառնալուց հետո էլ իրոք երբեք չկտրվեց հասարակ ժողովրդից: Երեւի լսել եք, որ մի քանի շաբաթ առաջ տեղացիներից մեկը պատմել է՝ ՙԱշխատանքից տուն էի գնում, պատահական մեքենա կանգնեցրեցի, նստեցի՝ մեկ էլ տեսնեմ՝ ղեկին նստած է մեր նախագահը, կողքին էլ կինը՚ : Եթե որեւէ մեկը պնդի, թե Խոսե Մուխիկայի օրոք Ուրուգվայը ծաղկուն երկիր դարձավ, երկնիշ տնտեսական աճ ունեցավ, չքավորությունն իսպառ վերացվեց եւ այլն, հաստատ խիստ չափազանցրած կլինեմ: Շատ գաղափարներ ուներ, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին: Օրինակ, պնդում էր, թե դպրոցների ղեկավարներին՝ տնօրեններին պետք է իրավունք տրվի իրականացնել սեփական ուսումնական ծրագրերը՝ անկախ այն բանից, թե ինչ ծրագիր է հաստատել կրթության նախարարությունը: Չանցավ այս նախաձեռնությունը, բազմաթիվ բողոքներ եղան:
2013 թվականին ՙԷկոնոմիստ՚ բրիտանական պարբերականը Ուրուգվայը ճանաչեց տարվա երկիր: Հիմնականում այն պատճառով, որ Մուխիկայի նախաձեռնությամբ օրինականացվեց մարիհուանան: Մինչեւ հիմա էլ ուրուգվայցիներից շատերը սա սխալ են համարում: Իսկ գաղափարն ի՞նչ էր՝ պայքարել թմրանյութերի անօրինական վաճառքի դեմ: Այսինքն՝ խնդրեմ, թույլտվություն ստացեք ու աճեցրեք, էլ հանցագործ կազմակերպություններից մի գնեք: Հիմա պարզվում է, որ իրականում այդ բույսն աճեցնելը այնքան էլ էժան չի նստում եւ ուրեմն ստացվում է՝ էլ ինչու աճեցնեմ, երբ նույն գնով կարող եմ գնել: Մուխիկան նաեւ Գուանտանամոյի տխրահռչակ ամերիկյան բանտից վեց բանտարկյալների, որոնց մեղքը չի ապացուցվել, դեկտեմբերին բերեց Ուրուգվայ: Անցավ երկու ամիս՝ այդ մարդիկ այդպես էլ չկարողացան ինտերգրվել, ու մի քանի օր առաջ ինքը՝ նախագահը փաստեց՝ չեն ուզում այս մարդիկ ոչ իսպաներեն սովորել, ոչ էլ աշխատել:


Եւ այնուամենայնիվ Մուխիկան բազմաթիվ սոցիալական ծրագրեր է իրականացրել եւ ի դեպ, հիմա, երբ հեռանում է, նրա վարկանիշը կազմում է 65 տոկոս: Համաձայնեք՝ գնացող նախագահի համար սա շատ բարձր ցուցանիշ է: Բազմաթիվ նախագահներ կերազեին: Բայց դա չէ կարեւորը՝ էստեղ ուրիշ հարց կա: Արեւմտյան վերլուծաբաններից մեկը շատ ճիշտ միտք է արտահայտել՝ կան նախագահներ, որոնց ներդրումը հասարակության զարգացման, կայացման գործում չի կարելի վիճակագրական թվերով չափել: Այսպիսին էր նաեւ Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, որն իր կերպարով, իր խարիզմայով, իր ազնվությամբ ու ինտելեկտով պարզապես բարձրացնում էր հասարակությունը:


Նույն դերը Ուրուգվայում խաղացել է Խոսե Մուխիկան: Լատինական Ամերիկայի մեկ այլ երկրի հասարակ քաղաքացիներից մեկն այսպիսի մեկնաբանություն է գրել համացանցում՝ ՙԵրանի ուրուգվայցիներին: Երբ ես համեմատում եմ Մուխիկային մեր պետական ղեկավարների ու գործիչների հետ, տեսնում եմ, թե որքան խղճուկ ու ճղճիմ են մերոնք, ինչ ապաշնորհ, ագահ ու ընցաքաղց են նրանք՚: Եւ իրոք, այս մարդը՝ Խոսե Մուխիկան, որին ուրուգվայցիները պարզապես Պեպե են անվանում, միշտ ասում էր՝ ՙԵս երբեք չեմ ատում մարդկանց: Արդո՞ք դուք գիտեք, թե դա ինչ մեծ առավելություն է՝ երբեք չատել որեւէ մեկին: Մարդ արարածը կախվածություն չպիտի ունենա ոչ թմրանյութերից, ոչ ծխախոտից, ոչ էլ ալկոհոլից: Մարդը պիտի միայն սիրուց կախվածություն ունենա՚:


Հահաձայնեք՝ դժվար է պատկերացնել, որ Խոսե Մուխիկան երբեւէ իրեն թույլ տա անվանարկել, նվաստացնել որեւէ մեկին՝ լինի դա հայտնի քաղաքական գործիչ, բիզնեսմեն, թե ամենավերջին քաղաքացին: Ու երեի Պեպեի ավարտվող նախագահության ամենագլխավոր, ամենահիմնական ուղերձը հենց դա է՝ Եղիր բարձր ու բարձրացրու հասարակությունը:

 

 

Արմեն Դուլյան