Տարածված մոլորություն կա, թե մենք, հայերս, իրար օգնում-սատարում էինք, երբ չկար պետություն, և մենք բոլորս ստիպված էինք հոգ տանել բոլորի մասին: Իսկ հիմա, երբ ունենք պետություն, թող պետությունը մտածի անգրագետին կրթելու, քաղցածին՝ կերակրելու, անօթևանին՝ կացարանով ապահովելու և այլնի մասին: Այո՛, պետությունը ձևավորվում է նաև այդ խնդիրները լուծելու համար, բայց պետության գոյությունը մեզ ավելի քիչ մարդ չի դարձնում, մեր կյանքը, մտքերն ու գործերն ավելի քիչ մարդկային չպետք է դարձնի:
Եթե մենք դադարում ենք մարդ լինելուց և սկսում ենք անմարդկային ձևով մտածել և ապրել, ապա ինչու՞ ենք զարմանում, երբ ուրիշներն են սկսում մեր նկատմամբ այդպես վերաբերվել: Ինչու՞ ենք զարմանում, երբ իշխանության ներկայացուցիչը մեր կողքն ապրող մարդու նկատմամբ, ում մենք էլ առանձնապես բանի տեղ չենք դնում, սկսում է անմարդկային վերաբերմունք ցուցաբերել՝ ծեծել, հայհոյել, չարած բանի համար դատել:
Էդ ինչո՞վ է իշխանությունը պարտավոր ավելի մարդկային լինել, քան ինքներս մենք: Բացարձակ պարտավոր չէ:


Մենք ենք պարտավոր, անկախ ամեն ինչից, մարդ մնալ, և ապրել այնպես, կարծես պետություն չկա, և ամեն լավ բան պետք է մենք ինքներս անենք:


Չէ՞ որ դուք պետությունից սեր, երջանկություն, խինդ ու ծիծաղ, իմաստություն, արևոտ եղանակ և լավ տրամադրություն չեք սպասում:

 

 

Մովսես Դեմիրճյան