ՀՀԿ խորհրդի հայտնի նիստից անմիջապես մեկ օր հետո՝ փետրվարի 13-ին, մեկնաբանելով ԲՀԿ-ից հնարավոր «առնետավազքի» մասին տեղեկություններին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քամահրանքով հորդորել էր՝ ԲՀԿ-ն չշփոթել ՀՀԿ-ի հետ:


Ընդ որում, եթե նա նման հայտարարություն արած լիներ մինչ փետրվարի 12-ը (ՀՀԿ խորհրդի նիստը), միգուցե ինչ-որ ձևով կարելի կլիներ հասկանալ վերջինիս ինքնավստահությունը, սակայն…


Թե ո՞րն է Զոհրաբյանի նման ինքնավստահության պատճառը, դժվար է քիչ թե շատ հիմնավոր բան գտնել, սակայն փաստ է, որ ԲՀԿ-ն որպես այդպիսին փլուզվել է, փլուզվել է առաջին հերթին «առնետավազքի» հետևանքով:


Այսօր արդեն հայտնի է 7-8 պատգամավորի՝ թիմը լքելու մասին, սակայն շատերի մոտ էլ ճամպրուկային վիճակ է, մի մասը՝ Ծառուկյանի նկատմամբ հարգանք ունենալով, սպասում են Ծառուկյանի ազդանշանին, իսկ այն, որ Ծառուկյանն ազդանշան տալու է՝ արդեն պարզ է: Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականությունից հեռանալն արդեն իսկ ազդանշան է, ինչը պաշտոնապես կամրագրվի մարտի 5-ին՝ կուսակցության արտահերթ համագումարում:


Բոլոր տեղեկությունները տանում են նրան, որ ԲՀԿ-ն կգլխավորի «գերինքնավստահ» տիկինը՝ ԲՀԿ-ի «մեդիա լեդին», իսկ թե ինչ առաքելություն կկատարի, արդեն իսկ հստակ է: Այս պահին խնդիր կա՝ ԲՀԿ-ն ուղեկցելու 2017 ընտրություններ, իսկ ԲՀԿ հետագա ճակատագիրը պարզ կլին ավելի ուշ:

 

 

Վաչագան Գևորգյան