ԲՀԿ-ն չի կարողանում կառավարել կուսակցության շարքերից ստացվող տեղեկատվական հոսքերը։ Մի կողմից պնդում են, թե բազմաթիվ բհկականների դեմ հետապնդումներ են իրականացնում, մյուս կողմից' չեն կարողանում կոնկրետ ասել, թե ով և ինչի համար է բերման ենթարկվել։


Սա նշանակում է, որ կա՛մ ԲՀԿ-ն խուճապային և կազմաքանդված իրավիճակում է, կա՛մ կուսակցական պրոպագանդան և պաշտոնական դեմքերը ստում և կեղծ տեղեկատվություն են գեներացնում ու տարածում։ Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ ճգնաժամի մեջ են։ Դեռ գիշերն էին հայտարարել, թե իրավական աջակցության խումբ պետք է ձևավորեն և համակարգված աշխատանք իրականացնեն։ Փաստն այն է, սակայն, որ մինչ այս պահը ոչ մի կոնկրետ քայլ դեռ չեն նախաձեռնել։


Հավանական երրորդ տարբերակն էլ կա։ Հնարավոր է ԲՀԿ-ն չի ուզում հասարակությունը իմանա, թե կոնկրետ ինչի՞ համար են բերման ենթարկվում իրենց համակիրները։ Չէ՞ որ անկախ ամեն ինչից, հասարակության մեջ մինչ օրս քննադատվում է պոռնկություն տարածելն ու մարմնավաճառներին «ապաստան» տրամադրելը։ Ինչևէ, ինֆորմացիան այնպիսի բան է, որ ուշ թե շուտ տեղ է հասնում։ Որքան էլ ԲՀԿ քարոզիչները փորձեն ակնհայտ քրեական հանցագործություններին քաղաքական երանգ հաղորդել։

 

 

Էդգար Խաչատրյան