Ս. Սարգսյանի երեկվա ելույթից հետո ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե այսօր ԲՀԿ ղեկավարը կպատասխանի նախագահի կողմից «հնչեցրած բոլոր հարցադրումներին» պարզունակ քարոզչական հնարք է՝ ուղղված բացառապես դեմքը փրկելուն:


Նախ՝ երկրի նախագահը երեկ հնչեցրել է ոչ թե հարցադրումներ, այլ ուղղակի մեղադրանքներ, որոնցից ամենածանրը, թերևս, այն էր, որ ԲՀԿ-ի ղեկավարը Հայաստանի համար դարձել է չարիք, ինչին հետևել են գործնական քայլեր, այդ թվում՝ վերջինիս ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից զրկելը:


Ակնհայտ է, որ ԲՀԿ ղեկավարը չունի ոչ քաղաքական անցյալի, ո՛չ փորձառության և ո՛չ էլ թիմային այնպիսի ռեսուրս, որպեսզի կարողանա դիմակայել նմանօրինակ իրավիճաների:


Կառուցել հետագա գործունեությունը միայն հսկայական ծախսերի արդյունք քարոզչական, այն էլ ոչ լիարժեք, բաղադրիչի հիման վրա՝ «հնչեցրած բոլոր հարցադրումներին» պատասխանելու ձևաչափով, ինչպես մինչև այժմ եղել է, այլևս անհնարին է, քանի որ «հացադրումներ» որպես այդպիսին ուղղակի չեն էլ եղել:


Ընդհանրացումները այս պահին կարող են լինել շատ նախնական, քանի որ ականատեսն ենք զարգացումների մեկնարկին միայն, սակայն, առկա գործընթացները իրենց մեջ պարունակում են առնվազն մի կարևոր դրական հանգամանք. քաղաքական դաշտի ընդդիմադիր տիրույթն առաջիկայում ակնհայտորեն ազատվելու է քարոզչության և բարեգործության հիման վրա ստեղծված արհեստածին ընդդիմադիր անձ-կուսակցությունից, և այս առումով որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, հենց նախագահ Սարգսյանն է այս քաjլով մաքրում ընդդիմադիր դաշտը՝ տեղ բացելով իրական քաղաքական ընդդիմության առկա ուժերի լրացուցիչ թափ հավաքելու և նորերի ձևավորման համար, քանզի, ինչպես ռուսական ասացվածքն է պնդում, «սուրբ տեղը դատարկ չի մնա»:

 

 

Վարդան Ոսկանյան