Երբ ուղիղ 27 տարի առաջ՝ 1988-ի փետրվարին Ստեփանակերտում ու Երեւանում տասնյակ հազարավոր մարդիկ բարձրացնում էին բռունցքված ձեռքերը եւ վանկարկում ՙՄիացում՚, դժվար թե որեւէ մեկի մտքով անգամ անցներ, որ կարող է իրականություն դառնալ այն, ինչ տեղի ունեցավ շաբաթ օրը Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանին:


Իրականում այն ժամանակ, երեւի թե բոլորիս գերագույն նպատակն էր՝ հասնել այն բանին, որ նման սահման ընդհանրապես չլինի: Ու հիմա էլ, իմ կարծիքով, նպատակը նույնն է մնում՝ անկախ ամեն ինչից: Հիշենք, թեկուզ հասարակական այն մտահոգությունը, որն առաջացրին Հայաստանի եւ Արցախի սահմանին մաքսակետ տեղադրելու մասին լուրերը:


Բայց փաստ է նաեւ, որ այդ սահմանը կա, գոյություն ունի եւ դրա վկայությունն են այն ցավալի իրադարձությունները, որոնք ծավալվեցին երեկ չէ առաջին օրը: Կողմերը հիմա տարբեր կերպ են ներկայացնում կատարվածը: Բայց եթե լսել եք միմյանց հակասող վարկածները, համաձայնեք՝ շատ որոշակի հարցեր են ծագում: Կան տուժածներ, մարմնական վնասվածներ ստացած մարդիկ, որոնց բժշկական օգնություն է ցուցաբերվել, լրագրողներից մեկն էլ հիվանդանոցում է, կան բազմաթիվ ջարդված ավտոմեքենաներ: Ո՞ւմ գործողությունների արդյունք է այս ամենը: Այս ամենագլխավոր հարցին պատասխանելուց եւ մեղավորներին խստագույն քրեական պատասխանատվության ենթարկելուց հետո միայն կարելի է շատ երկար վիճաբանել՝ թե ինչու ակտիվիստները որոշեցին 40 մեքենաներով գնալ Արցախ, արժեր արդյոք սահմանային լարվածության պայմաններում քաղաքական ակցիա կազմակերպել, արդյոք դա նպաստելու էր անխտիր բոլորիս հուզող համազգային խնդիրների լուծմանը եւ այլն: Այո, անկեղծ խոստովանեմ, որ շատ շատ հայաստանցիների եւ արցախցիների նման ինձ մոտ էլ են այդ նույն հարցերը ծագում՝ ինչու որոշեցին այնուամենայնիվ գնալ Արցախ: Չէ որ դրանից առաջ՝ դեկտեմբերին, ըստ լրատվամիջոցների, Ստեփանակերտում եղել է հանդիպում ամենաբարձր մակարդակով, որի ընթացքում ակցիայի կազմակերպիչները տեղեկացել են ղարաբաղյան ղեկավարության բացասական կարծիքի մասին եւ հետաձգել իրենց ակցիա, որը նախապես մտադիր էին անցկացնել Ամանորից առաջ: Շատ դժվար է հասկանալ՝ ինչու ինչ-որ փաստարկներ ընդունվեցին դեկտեմբերին եւ հանկարծ նույն փաստարկները անտեսվեցին հունվարի վերջին: Սա այլ հարց է՝ այստեղ կարելի է նորմալ վիճաբանել, շատ երկար վիճաբանել:


Բայց շաբաթ օրը Բերձորում կատարվածի փաստական մասի հետ կապված բոլոր հարցերը հարկ է հստակեցնել անմիջապես՝ իրավապահ մարմինների դերն ու նպատակը ո՞րն էր՝ կանխել բախումները, ինչպես պնդում են հենց այդ մարմինները, թե այսպես ասենք՝ ՙլավ դաս տալ՚ անհնազանդներին, անթույլատրելի գործողություններով, իրավապահին ոչ հարիր պահվածքով, ազատամարտիկին գետին տապալելով, լրագրողի ձեռքից տեսախցիկ խլելով, մահակով մեքենայի դիմապակուն հարվածելով, կանանց ու երեխաների անվտանգությանը սպառնալով, անել այնպես, որ ինչպես ասում են՝ ՙհիշեն հոր հարսանիք՚:
Հիշենք նախապատմությունը՝ մոտ մեկ շաբաթ առաջ ղարաբաղյան հասարակական կազմակերպություններից մեկը՝ Արցախի ազատամարտիկների միությունը հայտարարություն էր տարածել, որտեղ միանշանակ ասված էր, որ իրենք թույլ չեն տա ավտոերթի կազմակերպումը Ղարաբաղի տարածք: Մեծագույն հարգանք եմ տածում բոլոր ազատամարտիկների նկատմամբ, Ղարաբաղի այն ղեկավարների նկատմամբ, որոնք ընդգրկված են այն միությունում: Եւ այնուամենայնիվ՝ Ղարաբաղի Սահմանադրությամբ որեւէ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ կազմակերպության իրավունք չի վերապահված թույլատրելու կամ չթույլատրելու որեւէ մեկի մուտքը Ղարաբաղ, արգելելու կամ չարգելելու որեւէ ակցիա Արցախ տարածքում: Դա բոլորովին այլ՝ պետական մարմինների իրավասությունն է:


Ինձ կարող են շատ արդարացիորեն հակադարձել, որ Ղարաբաղում ի տարբերություն Հայաստանի իրականում բոլորն էլ՝ մեծից փոքր, ազատամարտիկ են՝ պատրաստ ցանկացած պահի առանց երկմտելու զենք վերցնել եւ դիմագրավել մակառակորդին, ինչպես արել են 90-ականների առաջին կեսին՝ եւ ուրեմն Ազատամարտիկների միության կարծիքը համընկնում է թե պետական մարմինների, թե հասարակության գերակշիռ մասի կարծիքին:


Բայց նույնիսկ այն դեպքում այդյոք արդարացվա՞ծ է պնդումը՝ ՙՀայաստանի տարածքում ինչ ուզում եք արեք, դա ձեր գործն է, բայց լավ իմացեք՝ Ղարաբաղը ձեզ համար Հայաստանը չէ՚: Այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ բուն Հայաստանի տարածքը արդյոք պարբերաբար ոտնձգությունների չի ենթարկվո՞ւմ ադրբեջանցիների կողմից՝ ուրեմն ինչ անենք՝ արգելե՞նք ընդդիմադիրների բոլոր հանրահավաքները Ազատության հրապարակում: Եւ արդյոք Ստեփանակերտում ընդդիմադիր հավաքներ չեն եղել:Չէ որ եղել են եւ նման միջոցառումները Ղարաբաղի Սահմանադրությամբ ամենեւին արգելված չեն: Եւ վերջապես ամենակարեւորը՝ երբ որեւէ մեկը՝ լինի դա ամենաբարձր աստիճանի պաշտոնյա, թե պարզապես կատարվածով անկեղծորեն մտահոգված հասարակ քաղաքացի, ասում է՝ ՙԱրցախը ձեզ համար Հայաստան չէ՚, արդյոք չարժե մտաբերել Լեոնիդ Ազգալդյանի հանրահայտ խոսքերը, որոնք նաեւ Հայաստանում իշխող կուսակցությունն է հնչեցրել ամենաբարձր մակարդակով՝ ՙՍա Հայաստանն է եւ վերջ՚:


Ու վերջում: Նույնիսկ այն մարդիկ, որոնք հիմա ծայրահեղական կարծիքներ են հայտնում՝ փորձում են հեռու գնացող եզրակացություններ անել Ղարաբաղի եւ Հայաստանի հարաբերությունների մասին կամ արդարացնում են բռնությունը, ջանում են հիմնավորումներ գտնել դրա համար, իրականում հոգու խորքում լավ հասկանում են՝ կատարվածը անթույլատրելի էր: Երանի նման բան չլիներ, երանի նման բան էլ երբեք չկրկնվի: Համոզված եմ, որ հենց սա է թե արցախցիների, թե հայաստանցիների ամենամեծ ցանկությունը…

 

 

Արմեն Դուլյան