Վերջին տարիներին մարդիկ խանութից գնած հաց են նախընտրում, եւ քչերն են տնական հաց թխում եւ ուտում: Իսկ տնական հացը մի շարք առավելություններ ունի


1. Այն բնական է եւ էկոլոգիապես մաքուր


Հացը, որ ես նախկինում խանութից էի գնում, 6-7 օրվա ընթացքում թարմ եւ փափուկ էր մնում: Իհարկե, սա սպառողի տեսանկյունից լավ է, բայց եթե խորհենք, առանց քիմիական նյութերի օգտագործման բնական բաղադրիչներից պատրաստված հացը չի կարող այդքան երկար թարմ մնալ:


Երբ հացը քո ձեռքերով ես պատրաստում, կարող ես վստահ լինել, որ այն ոչ մի ավելորդ քիմիական նյութ չի պարունակում, այլ միայն բնական, թարմ մթերքներ:


2. Այն օգտակար է եւ համեղ


Տանը կարելի է թխել իսկապես օգտակար հաց, օրինակ՝ տարեկանի ալյուրից եւ կտավատի սերմերի, վարսակի փաթիլների եւ հացահատիկային թեփի հավելումներով: Խանութում այդպիսի հաց չեք գնի, իսկ թե գնեք էլ, բավականին թանկ: Եվ բացառված էլ չէ, որ այն այդքան էլ համեղ չի լինի:


Տանը ես սովորել եմ վերը նշված բաղադրիչներով եւ համեմի սերմերի հավելումով տարեկանի հաց պատրաստել, եւ այն իսկապես համեղ է ստացվում, իսկ խանութից գնված տարեկանի հացը ես երբեք չեմ կարողացել ուտել: Արժե՞ եւս մեկ անգամ էլ հիշեցնել, որ հացահատիկային թեփով տարեկանի հացը, ի տարբերություն սպիտակի, ոչ միայն վնասակար չէ, այլեւ միանշանակորեն օգտակար է, քանի որ պարունակում է բազմաթիվ վիտամիններ եւ սննդային բջջանյութ:


3. Դա հեշտ է


Կարծիքներ կան, որ հաց թխելը շատ բարդ է, եւ բավական է մի բան այնպես չանել, ինչպես բաղադրատոմսում է նշված, եւ փափուկ հացի փոխարեն կստացվի պինդ եւ ոչ համեղ բլիթ: Բայց սա ճիշտ չէ: Այս ամիս ես շատ տարբեր հացեր եմ թխել եւ ճշգրտորեն հետեւել եմ բաղադրատոմսին միայն սկզբում՝ վախենալով, որ եթե բաղադրիչներից որեւէ մեկը պահանջվածից մի քանի գրամով պակաս լինի, ոչինչ չի ստացվի: Հետագայում ես նոր եւ նոր բաղադրիչներ եմ ավելացրել, նոր բաղադրատոմսեր եմ փորձել, փոխել դրանք, եւ ոչ մի «չստացված» հաց էլ չի եղել: Ճիշտ է, տոմատով պատրաստվածը տարօրինակ համով հաց էր, որը կարող է ոչ բոլորին դուր գալ… բայց փաստ է, որ նույնիսկ այն շատ էլ լավ էր «ստացվել»:


Ի դեպ, հատուկ հաց թխող ջեռոցի առկայության դեպքում հաց թխելը կրկնակի հեշտ է. պետք է պարզապես դրա մեջ լցնել բաղադրիչները եւ մոռանալ դրա մասին, իսկ մի քանի ժամ հետո պատրաստի հաց կստացվի:


4. Այն բազմազան է


Սուպերմարկետում, որտեղ ես նախկինում հաց էի գնում, առաջարկվում է բավականին մեծ ընտրություն, սակայն ինձ միայն մեկն էր դուր գալիս, ուստի մենք ամիսներ շարունակ միայն դա էինք ուտում: Հիմա մեր սեղանին ամեն օր նոր հաց է լինում՝ սպիտակ, տարեկանի, ձիթապտուղներով եւ նույնիսկ տոմատով:


5. Այն թանկ չէ


Տնական հացի ինքնարժեքը գրեթե երկու անգամ քիչ է խանութի հացից, եթե, իհարկե, ալյուրը մեծածախ կետերից վերցնեք, թեկուզ 10 կգ պարկով:

 

 


Վրեժ Հովսեփյան