«Մարդկային սրտի արժանավորության ճշմարիտ չափանիշը սիրելու ընդունակությունն է»: Այո՛, սերն է, որ պետք է ապրի, ինչ էլ, որ լինի, որովհետև առանց սիրելու ոչինչ չի ծնվում...
Սուրբ Սարգսի տոնի առթիվ Շիրակի թեմի երիտասարդաց միությունները այսօր ուխտագնացություն էին կազմակերպել Սուրբ Սարգսի անունը կրող յոթ եկեղեցիներ: նրանց վերջին հանգրվանը Արարատյան Հայրապետական թեմն էր:

 

 

Ուխտավոր երիտասարդները, որոնց առաջնորդում էր Արարատ սարկավագը այցելեցին առանորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Այնտեղ նրանց դիմավորեցին ԱՀԹ-ի եկեղեցասեր երիտասարդները Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում տեր հայրը ողջունեց երիտասարդներին, այնուհետև ներկայացրեց Ս. Սարգիս եկեղեցու պատմությունը: Ուխտավորները եկեղեցուց հյուրընկալվեցին առաջնորդարանի դահլիճ, որտեղ և հանդիպում տեղի ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հետ:

 

 

Սրբազան հայրը ողջունեց գյումրեցի երիտասարդներին, այնուհետև իր խոսքի մեջ հիշեց և դրվատանքի խոսք ասաց Ավետիսյան ընտանիքի եղեռնական սպանդի առիթով: Սրբազանը անրադարձավ Գյումրուն և գյումրեցիներին նրանց անվանելով հազարաշնորհ ժողովուրդ, ովքեր արհավիրքներ տեսած, միաժամանակ հաղթահարած, ամուր կամքի տեր ժողովուրդ են: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում. կայծակը, որ խփում է կամ պետք է մեռնես կամ չմեռնելու դեպքում երկար կապրես:

 

 

Թո՛ղ, այլևս գյումրեցին տխրություն չապրի, առողջ ու երկար ապրի: Ջերմ ու մտերմիկ շփումից հետո ԱՀԹ երիտասարդները գյումրեցի ուխտավոր երիտասարդներին ճանապարհեցին դեպի Նոր Նորքի և Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցիներ: Թո՛ղ գյումրեցու ուխտը ընդունելի լինի:

 

 

 


Արթուր Հայրապետյան