Նուռը դեռ վաղ ժամանակներից հայկական և այլ մշակույթներում համարվել է պտղաբերության և բարեկեցության խորհրդանիշ: Սա այն քիչ մրգերից է, որի հյութը նույնքան օգտակար է, որքան միրգը, քանի որ կեղևը պարունակում է հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք, քամվելու ընթացքում, առատորեն անցնում են հյութին:


Սննդային արժեքը


Մրգերի մեջ նուռն առաջատար է հակաօքսիդանտների պարունակությամբ․ երեք անգամ գերազանցում է կանաչ թեյը կամ նարինջը: Մեկ բաժակ նռան թարմ քամված հյութը լրացնում է օրվա A, C, և E վիտամինների պահանջի 40 տոկոսը: Այն նաև կալցիումի, ֆոսֆորի, կալիումի, երկաթի, նիացինի, թիամինի ու ռիբոֆլավինի հարուստ աղբյուր է:


Առողջարար հատկությունները


1. Սրտի համար
Ապահովելով արյունատար անոթների պատերի ճկունությունը, նվազեցնելով արյան մեջ պարունակվող վատ խոլեստերինի քանակը և ավելացնելով լավ խոլեստերինի քանակը՝ նուռն անգնահատելի է սրտի աշխատանքի համար: Այն նաև նվազեցնում է աթերոսկլերոզի հավանականությունը, ինչը սրտի արատի հիմնական պատճառներից է:


2. Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը
Չնայած նռան հյութը պարունակում է ֆրուկտոզա՝ այն, մյուս մրգերի նման, չի բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը: Հետազոտությունները ցույց են տվել, որ 2 շաբաթ ամեն օր նռան հյութ խմելուց հետո շաքարախտով հիվանդների արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում չի արձանագրվել:


3. Կարգավորում է արյան ճնշումը
Նուռը համարվում է բնական ասպիրին՝ թույլ չի տալիս արյան մակարդումն ու արյան գնդիկների խցանումների առաջացումը արյունատար անոթներում: Այն հայտնի է նաև բարձր ճնշումն իջեցնելու հատկությամբ:


4. Պաշտպանություն քաղցկեղից
Նռան հյութը պայքարում է մարմնում առկա ազատ ռադիկալների դեմ և կանխում քաղցկեղի առաջացումը: Շնորհիվ մեծաքանակ հակաօքսիդանտների՝ օգնում է արյան սպիտակ գնդիկներին չեզոքացնել մարմնում տոքսինները, հանգեցնելով առողջ իմունային համակարգի ձևավորմանը: Ավելին՝ այն արգելափակում է արոմատազները, որոնք անդրոգենը փոխակերպում են էստրոգենի, հորմոնի, որը էական դեր է խաղում կրծքի քաղցկեղի ձևավորման գործում:


5. Հանգստացնում է ստամոքսը, բարելավում մարսողությունը
Նռան հյութը նպաստում է ստամոքսի և լյարդի կանոնավոր աշխատանքին: Քանի որ չի պարունակում խոլեստերին կամ ճարպեր՝ խորհուրդ է տրվում նիհարել ցանկացողներին: Մեկ բաժակ նռան հյութի մեջ խառնելով մեկ թեյի գդալ բնական մեղր՝ ստանում եք մարսողական համակարգը կարգավորող, դիարեայի և դիզենտերիայի դեմ պայքարող բնական միջոց:


6. Իմունային համակարգի հզորացում
Նռան հյութը՝ հակաբակտերիալ ու հակասնկային հատկությունների շնորհիվ, ադյունավետ պայքարում է վիրուսների ու բակտերիաների դեմ՝ լրացուցիչ օժանդակություն հասցնելով մեր իմունային համակարգին: Բոլոր մրգերից ամենաշատը նուռն է, որ ունի ՄԻԱՎ-ի վիրուսի արգելափակման պոտենցիալ:


7. Կանխում է սակավարյունությունը
Քանի որ պարունակում է մեծ քանակությամբ երկաթ՝ նռան հյութն օգնում է հաղթահարել արյան կարմիր գնդիկների պակասը: Քթից արյունահոսությունը դադարեցնելու համար կարելի է նռան հյութին ավելացնել շաքարավազ և մեկ-երկու կաթիլ կաթեցնել քթի մեջ:


8. Հակատարիքային առավելությունները
Նռան հյութը օգտակար է մաշկի բոլոր տեսակների համար: Օրինակ՝ շնորհիվ իր մոլեկուլային կառուցվածքի և օմեգա 3 հագեցած ճարպաթթվի՝ ապահովում է չոր մաշկի լիարժեք խոնավացում և սնուցում: Խթանում է կոլագենի արտադրությունը, ինչը նպաստում է կնճիռների առաջացման դանդաղեցմանը և երիտասարդ մաշկի պահպանմանը: Այն նաև օգտակար է յուղոտ և պրոբլոմատիկ մաշկի համար․ եթե բամբակով քսեք մաքուր լվացած, յուղոտ մաշկին՝ կկարգավորի սեբումի արտադրությունը և կկանխարգելի մաշկի կորյակացումը:


9. Օգնում է սպիների վերացմանը
Մաշկի էպիդերմիսի և դերմիսի շերտերում օգնում է բջիջների վերարտադրմանը՝ արագացնելով վերքերի սպիացումը, ապա նաև՝ սպիների վերացումը: Նռան հյութը պաշտպանում է ուժեղ արևայրուքից, օգնում արևից ստացած այրվածքների լավացմանը:


10. Կանխարգելում է մաշկի քաղցկեղը
Պարունակում է անտոցիանին և հիդրոլիզացվող տանին նյութեր, որոնք ունեն ուժեղ հակաքաղցկեղային ազդեցություն: Անմիջապես մաշկին քսելու դեպքում՝ նռան հյութը խթանում է կոլագենի արտադրությունը:


11. Կանխում է մազաթափությունը
Կանոնավոր նռան հյութ սննդակարգում օգտագործելն ամրացնում է մազարմատները, մազերը ստանում են փայլ ու առողջ տեսք:


Այսպիսով՝ սննդակարգում ներառիր նռան բնական հյութ, և արդյունքը երկար չի սպասեցնի:

 

 


Վրեժ Հովսեփյան