Շատ ենք խոսում այն մասին,թե ինչու ենք մշտապես հայտնվում անելանելի իրավիճակներում:Ըստ էության,հարցի պատասխանն այնքան էլ բարդ պարզաբանումների պահանջ չունի,որքան ինքներս ենք այն դարձնում բարդ քննարկումների առարկա:Մինչդեռ միևնույն խնդիրների շուրջ սովորական դարձած քննարկումներն անցնում են տնից-տուն,սղոսկում՝ և ուրախության,և տխրության

արարողություններ,պաշարում մարդկանց ուղեղներն ու դառնում նրանց առօրիայի հիմնական բաղադրիչը:Մեր ժողովրդին հատուկ բնութագրմամբ՝ իրադարձությունների զարգացումները համատարած բնույթ են ստանում:Ազգային առանձնահատկություններից ելնելով յուրաքանչյուրն աշխատում է իր առավելություններն ընդգծել,կրթվածության կամ իմացության՝ ոլորտին մասնագիտական գիտելիքներով տիրապետելու չափորոշիչներից անկախ ընդունվում է շատ սովորական և օրինաչափ դարձած՝ «զոռբայության» գործելաոճն ու լղոզում,մասնատում,կազմաքանդում է քաղաքացիական հասարակություն ձևավորելու բոլոր սպասելիքները:


Ցանկացած ամուր պետականության հիմնասյունը հենց քաղաքացիական հասարակության կիրթ ու հավասարակշռված փոխհարաբերությունների ձևավորման ինստիտուտների կայացումն է,ուր յուրաքանչյուր քաղաքացի սեփական կարողություններին համարժեք է գիտակցում իր դերն ու նշանակությունը:

 
Մեզ մոտ պատկերն արմատականորեն այլ է:


Ահա կարևորագույն խնդիրներից մեկը,ինչը բնավ էլ բարդ պարզաբանման առարկա չէ՝ եթե յուրաքանչյուրն աշխատի իր սեփական կարողությունների շրջանակներում մասնակցել մեր երկրի կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ քաղաքացիական հասարակության ձևավորմանը,ի վերջո գիտակցելով,որ դրանով սեփական ընտանիքի բարօրության ու զավակների ապահով կյանքի հիմնասյունն է կառուցում:


Մեզանում մի իրավիճակ է ստեղծվել,որ արդեն գիտակ մարդիկ են դժվարանում կողմորոշվել,թե «քամին» որտեղից,և ուր է փչում...Ամեն ինչ արվել և արվում է,որպեսզի զարգացումներն ընթանան որոշակի նպատակների նպաստավոր սցենարներով:Մենք էլ առանց հասկանալու,թե շահածներս ինչ է լինելու՝ տրվել ու տրվում ենք դրանց...


Երկրից հեռանալու,հասարակության բեևեռացման,արժեքային համակարգերի խիստ ցածր ցուցանիշերի և բարոյահոգեբանական մակարդակի իջեցման հիմնական պատճառներն ահա նշածս խնդիրների ներքո են:Մենք չունենք քաղաքացիական հասարակության այն ձևավորված մոդելը,որտեղ պետք է գործեն հստակ կանոնակարգված սահմանումներ՝ ամրագրված ազգային և պետական մտածողության գաղափարախոսությունների պահանջներով:


Իսկ սա մեկ պարզ անվանում ունի՝ պառակտում...

 

 

Ազատ Աբրահամյան