Հե՞շտ է, արդյոք, հասկանալ, սերն իրակա ն է, թե ոչ: Չէ՞ որ երբեմն զգացմունքների այնպիսի հորձանուտում ես հայտնվում, որ թվում է սիրուց գլուխդ կորցրել ես: Դա իսկապես սե՞ր է, թե՞ ուղղակի կարճատև հրապուրանք, որն ինչ արագությամբ բռնկվել էր, նույն արագությամբ էլ մարում է: Իսկ ինչպե՞ս կարելի է իրական սերը տարբերակել անիրականից:  

 

Ժամանակակից կյանքի թոհուբոհում, ուր թագավորում է անտարբերությունը, և մարդիկ տառապում են միայնակությունից, շատ աղջիկներ միայն սերն են համարում այն պատյանը, որն իրենց կարող է պաշտպանել համատարած ու անտանելի դարձած խնդիրներից: Թվում է, եթե գտնես այդ միակ հարազատ, ջերմ ու մտերիմ մարդուն, բոլոր դժվարությունները հօդս կցնդեն: Միայն թե գտնես և վերջ…

 

Ինչ-որ մեկի հետ միություն կազմելու այդ բուռն ցանկությունը քեզ դրդում է, որ առանց երկար-բարակ մտածելու ընտրություն կատարես: Եվ շտապելուց այլևս մանրուքներին ուշադրություն չես դարձնում ու որոշում ես, որ քեզ առաջին պատահածը հենց նա է, ում փնտրում էիր: Դա էլ բավական չէ, դեռ մի բան էլ քեզ համար սիրո գեղեցիկ պատմություն ես հորինում գործի դնելով երևակայությունդ ու սպասումներդ: Իսկ գուցե այդ սիրո պատմությունը հորինել ես, որ դրա հետևում թաքնվես, որպեսզի պաշտպանվես անիմաստ գոյատևման մասին տխուր մտքերից:

 

Կինոնկարի և իրականության սահմանում


Մենք շատ ենք ցանկանում, որ մեր սերը նման լինի որևէ գեղեցիկ ֆիլմից վերցված սիրո պատմության: Եվ սկսում ենք հետևողականորեն ամեն ինչ իրագործել այնպես, ինչպես կարգն է' ընդունված ավանդույթներով ու ծեսերով, ճշգրտորեն անում ենք այն ամենը, ինչ կաներ խենթ սիրահարը և ուրախանում, որ մեր կյանքում էլ ամեն ինչ նույնքան գեղեցիկ է ստացվում, ինչպես կինոնկարում:

 

Թվում է, թե առանց իրար ապրել չենք կարող, իրար գրկած քայլում ենք փողոցով, մեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանը ստուգում նրա ժամացույցով և նրա հետ դառնում մեկ ամբողջություն, որում մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող:

 

Այդ ժամանակ թվում է, թե առանց նրա ոչ կարող ես շնչել, ոչ ապրել: Ու մեկ էլ հանկարծ…

 

Շատ անսպասելիորեն այդ միասնությունն անհետ կորչում է այնպիսի հիմար ու դատարկ մանրուքների պատճառով, որոնց նախկինում ուշադրություն չէինք դարձնում: Ինչ-որ մի բառ, շարժում, հայացք, պատահաբար թույլ տրված որևէ սխալ արարք և… սիրո փայլփլուն կառքը վերածվում է հին ու ջարդոտված սայլակի, որը ճռճռում է հիասթափությունների, վիրավորանքների, մտքում պահած առարկությունների, չիրականացած սպասումների բեռան տակ…

 

Իսկ մեզ թվում էր, թե մեր սերն իսկակա՜ն էր, այնպիսին, ինչպիսին ֆիլմերում է լինում: Այդ որտեղ ենք սխալվել, ինչու այդպես եղավ: Նախկին սիրահարներից ոչինչ չի մնում: Անհուն տխրություն ու հիասթափություն:

 

Վիրավորանքը հաղթահարելու համար նրանք սկսում են իրենց անհաջող ընտրության պատճառները փնտրել, իրար պիտակներ կպցնել, ճակատագրից բողոքել ու ասել. «Ուղղակի բախտս չբերեց, այն մարդուն չհանդիպեցի, ում պետք էր»: Այսինքն, ամեն ինչ շատ հեշտ է, ուղղակի պետք է «սխալն ուղղել», այդ մարդուն փոխարինել մեկ ուրիշով, և ամեն ինչ իր տեղը կընկնի. սե՜րն էլ կվերադառնա, լուսնկա գիշերներն էլ, երբ երկնքից աստղեր են ընկնում, ու կրկին սիրո թրթիռներով լի մի նոր հեքիաթ կսկսվի:

 

Շարունակությունը՝ այստեղ