Կովկասից Թուրքիա անցնող հայ ֆիդայինները նախեւառաջ ենթակա էին ռուս բռնապետության հալածանքներին: Հայդուկները հաճախ թիկունքից հարված ստանալով՝ մնում էին կես ճամփին, ապա հայտնվում ռուսական աքսորավայրերում:


1903 թ. Սասունին օգնության է շտապում 61 հոգուց բաղկացած մի խումբ, որին մաս են կազմում մտավորականներ, ուսանողներ, բժիշկ եւ քահանա: Այս խմբի ոդիսականի մասին է պատմում Միքայել Վարանդյանը («ՀՅԴ պատմությունը, հատոր Ա, էջ 292»):

 

«Խումբը ճամփա ընկավ Օլթիի շրջանից, անցավ սահմանը եւ լեռ բարձրանալով՝ դիրքեր բռնեցին: Ռուսները նկատեցին ֆիդայիններին եւ 150 զինվորներ շրջապատեցին մերոնց դիրքերը: Միաժամանակ լուր տվեցին թուրքերին, որ շտապեն դեպքի վայրը: Օլթիից օգնական ուժերով շտապեց գնդապետ Բիրկովը: Առաջին հարձակումը գործեցին ռուսները՝ քշելով ֆիդայիններին դեպի թուրքերը: Թորգոմն ընկերներին հրահանգեց չպատասխանել ռուսների հարձակմանը եւ կռվել միայն թուրքերի դեմ...


Մեր դժբախտ ընկերները չէին կրակում ռուսների վրա, իսկ վերջինները դրանից քաջալերված ավելի եռանդով էին շարունակում հարձակումները: Մի քանի ժամ կռվելուց հետո ֆիդայինները որոշեցին անձնատուր լինել: Խմբի քահանան, խաչը ձեռքին, շարժվեց դեպի ռուսները, բայց զարկվեց նրանց կողմից: Որսորդ Գեւորգն էլ սպանվեց ռուս զինվորի սվինով: Մեզնից սպանվեց 27 հոգի, 6 հոգի վիրավորվեց, 14 հոգի գերվեցին: Մնացած տղաներին հաջողվեց փախչել եւ ապաստանել անտառում: Գերիներին Բիրկովի հրամանով մորթեցին թուրք բանակի ներկայությամբ: Ռուս եւ թուրք զինվորականները խրախճանք սարքեցին մորթված հայդուկների դիակների շուրջ...»:

 

ՀԳ - 1904 թ. օգոստոսի 31-ին, Օլթի քաղաքում, հայ վրիժառուները սպանեցին գնդապետ Բիրկովին: Գրեթե միաժամանակ սպանվեց նաեւ Իգդիրի հայատյաց գավառապետ Բոգուսլավսկին:

 

ՆԿԱՐՈՒՄ՝
Թորգոմի «Որսկան» խումբը