Սա նորմալ, բնական երևույթ է: Այնուամենայնիվ, մենք կյանքում անընդհատ հավասարակշռության մեջ ենք' կայուն վիճակում. Դա նման է քայլքի' սկզբից մի ոտքի վրա ենք, հետո մյուս' անհավասարակշռության մեջ, բայց իրականում մենք առաջ շարժվելով պահպանում ենք մեր հավասարակշռությունը: Այսինքն, քանի մենք քայլում ենք' «առաջ ենք շարժվում», ամբողջ համակարգը գտնվում է հավասարակշռության մեջ: Իսկ ի՞նչ կլինի եթե մենք կանգնենք:


Ասեմ, որ կանգնել նշանակում է փակվել: Եթե կյանքը փորձենք պատկերացնել երկար գծի տեսքով, որի մի կողմում գտնվում է կայունությունը, իսկ մյուս կողմում առաջխաղացումը, ապա կանգնելով մենք ձեռք ենք բերում հավասարկշռություն, բայց դրա հետ մեկտեղ այնպիսի հոգեկան վիճակներ, ինչպիսիք ենք ձանձրույթը միապաղաղությունը, կյանքի անիմաստությունը: Իսկ այդ գծի մյուս կողմում գտնվում է մշակութայնությունը, փոփոխությունները, նոր որակները: Երբ մենք ապահովում ենք մեր կայնությունը մենք ձեռք ենք բերում վստահություն, անընդհատություն, հստակություն, իսկ եթե մեկ քայլ հակառակ կողմն ենք դնում մեզ են պատում բուռն փոփոխությունները: Այս երկու ուղիների ընտրության մեջ մարդիկ նաև ձեռք են բերում կոնվերգենտ և դիվերգենտ մտածողություններ:


Փոփոխություններից տարակուսելը ունի իր հիմնային պատճառները: Անձի ամենատարրական պահանջմունքներից մեկը համարվում է բազային անվտանգության պահանջմունքը, որը մարդ ձգտում է ապահովել առաջին հերթին, բայց արդի աշխարհում անվտանգությունը ամենաահավոր վտանգն է:


Ինչքան հաճախ ենք մենք լսում և ականատես լինում մարդկանց այնպիսի հոգեկան վիճակների, ինչպիսիք են կյանքի իմաստի կորուստը, ապատիան, դեպրեսիան: Դրա բացատրությունը այն է, որ անհատը, ձգտելով ապահովել իր անվտանգության պահանջմունքը, ինչպես նաև իր երեք մակարդակների միջև հավասարակշռությունը, ձգտելով խուսափել սթրեսներից, մնում է կանգնած նույն տեղում' մոռանում իր ինքնաիրականացման պահանջմունքի մասին և տարակուսում փոփոխություններից:


Եթե այս նյութը կարդալով զգում եք, որ խոսքը հենց ձեր մասին է, ուրեմն սկսեք այն հարցից, թե ինչպես փոխեմ իմ կյանքը, հետո հարցրեք ձեզ. «Ինչպես փոխեմ ինձ, որ փոխվի իմ կյանքը»: Եթե այն, ինչ դուք արել եք մինչ հիմա անօգուտ է, ապա անել ինչ-որ բան այլ կերպ արդեն բարելավում է: Սկզբից ամեն ինչ դժվար է թվում Ձեզ, բայց միայն մեկ քայլ անելով' դուք հնարավորություն եք ստանում տեսնել, թե ինչ պետք է անեք հետո: Ինչքան ավելի լայն են Ձեր երևակայության սահմանները, այնքան ավելի շատ են հնարավոր տարբերակները և այնքան ավելի հեշտ են կատարվում փոփոխությունները:


Փոփոխությունները դրանք երևակայության գործընթացն են
Ռոբին և Ֆիլին 1997


Ինչքան մեծ է Ձեր երևակայությունը, այնքան ավելի լուրջ փոփոխություններ կարող եք կատարել: Երևակայական գործընթացը դա միայն առաջին և ամենահեշտ փուլն է, հետո հարկ է անցնել ավելի լուրջ քայլերի: Իսկ դրա համար ավելի համարձակ եղեք և հիշեք, որ ցանկացած արդյունք ձեռքբերում է, նշանակություն չունի ցանկալի արդյունք է դա, թե ոչ, քանի որ


հաջողությունն այնքան հնարավորություններ է
բացում մարդկանց առջև, որքան և անհաջողությունը:
Թոմ Ռոբինս


Սխալներ գործելը նորմալ է, հարկավոր չէ վախենալ սխալներից, ուղղակի նույն սխալը երկրորդ անգամ գործել պետք չէ: Ինչ-որ նոր գործ կամ փոփոխություն սկսելուց առաջ ձեզ հարցրեք


Ի՞նչով է այն կարևոր ինձ համար


Ի՞նչ կտա ինձ այս քայլը


Ի՞նչից պետք է սկսեմ


Հարցերը կարող եք դուք մշակել ինքներդ: Կարևորը, որ ձեռնարկեք այնպիսի բան, որը մինչ այդ չեք արել, քանի որ եթե դուք շարունակեք անել այն, ինչ արել եք մինչ հիմա, ապա կստանաք այն, ինչ մինչև հիմա ստացել եք: Ուրեմն արեք ինչ-որ բան այլ կերպ:


Հիշեք, որ փոփոխությունների համար հարկավոր է ճկունություն: Շփվեք նրանց հետ, ովքեր դրական են տրամադրված կյանքի հանդեպ, ում համար չկա «անհնար» բառը, ովքեր անընդհատ ձգտում են կատարելագործվել ու սովորել: Կրկնեք ձեր մտքում. «Ամեն մարդ կարող է դառնալ ամենալավը ցանկության դեպքում », և դա դրական ձգտումներ կարթնացնի Ձեր մեջ ու դուք կփորձեք դառնալ ավելի լավը, քան հիմա եք:


Եվ վերջում ասեմ, որ ինչ էլ մտածեք Ձեր մասին, կամ ինչ-էլ անեք, հիշեք, որ Դուք ավելին եք ձեզանից ներկայացնում, քան մտածում եք ու անում:

 

 


Ն. Փեթակչյան