1735-ի հունիսին Եղվարդի ճակատամարտում Նադիր խանը, հայերի գործուն աջակցությամբ, ջարդեց օսմանցիներին, իսկ մեկ տարի անց հռչակվեց Իրանի շահ։ Ի նշան երախտագիտության, նա ճանաչեց Խամսայի կիսանկախ մելիքությունները եւ Դիզակի մելիք Եգանին (Մելիք Ավան) շնորհեց խանի տիտղոս։

Նադիրը հաճախ էր հյուրընկալվում Մելիք Եգանի տանը, ուր ճոխ սեղանին ամեն բարիք կարելի էր գտնել: Մի անգամ շահը, կամենալով անակընկալի բերել նրան, պատվիրեց ճաշի համար թարմ սունկ պատրաստել: Արցախում այդ ձմռան օրերին թարմ սունկ գտնելն անկարելի բան էր, բայց Մելիք Եգանը հասկացրեց, որ շահի փափագը կատարված կլինի:

 

 

 

Դիզակում ի պատիվ շահի ճոխ ընդունելություն կազմակերպեցին։ Ճաշի ժամին, երբ Նադիրը պահանջեց պատվիրած կերակուրը, նրա առջեւ դրեցին մի մատուցարան՝ լիքը դիզած ոսկիներով:
_ Ես սու՜նկ էի պատվիրել,_ զարմացած ասաց շահը:
_ Առանց սունկի էլ կարելի է հագենալ,_պատասխանեց մելիքը,_ իսկ ձեր զինվորներին ոսկի է հարկավոր պատերազմելու համար:
_ Ճի՛շտ ես,_ ասաց շահը,_ չլիներ հայո՛ց ուժն ու ոսկին՝ օսմանցուն հաղթելն անկարելի կլիներ: Ապա ավելացրեց.
_ Ձեզ համար էլ պահիր, բարեկա՛մ, մի օր հաստատ պետք կգա: