Ու դեռ այսքանից հետո պետք է շարունակենք քննարկել, թե Ավետիսյանների ընտանիքի հետ կատարվածը որ իրավական նորմերի պահանջներից ելնելով և համաձայն պետք է այդ ոճրագործին դատենք։ Հերիք չի ընտանիքի հինգ մեծահասակ և երկու տարեկան անչափահաս երեխայի կյանքը խլեց, վիրավորեց վեց ամսեկան երեխային, որին հույսեր էինք փայփայում, որ կփրկեն մեր բժիշկները, կփրկվի մեր աղոթքներով, բայց արի ու տես, որ փոքրիկ Սերյոժայի կյանքն էլ տարավ այդ ոճրագործը։ Դրան նույնիսկ մարդ ասել չի կարելի։


Լինելով իրավաբան ինձ պարտադրում եմ մի մտքի ընդունման, որ նրան պետք է դատել ըստ օրենքի, բայց սիրտս ու հոգիս դա թույլ չեն տալիս, ոնց կարելի է դրան դատել որևէ երկրի օրենքով։ Ախր չկա նման օրենք, որ նման սպանդը համապատասխան պատժի արժանացնի, նույնիսկ եթե նրան մահապատժի ենթարկեն, որը խիստ կասկածում եմ, միևնույն է դա որևէ կերպ չի սփոփի մի ամբողջ ընտանիքի նկատմամբ կատարվածը, այն էլ երկու անչափահաս երեխաների նկատմամբ կատարվածը, քանի որ դա կատարվել է մեր բոլորիս նկատմամբ։ Ու հիմա այսքանից հետո Ռուսաստանը իրեն որպես Հայաստանի մեծ եղբայր կամ բարեկամ համարող, ինչ է ասելու ողջ հայ ժողովրդին։

 

 

Վահե Հովհաննիսյան