Ախթալայի բերդը


Ախթալայի բերդը միջնադարյան պաշտպանական համալիր է ՀՀ Լոռու մարզի Ախթալա ավանում։ Տեղադրված է թերակղզի հիշեցնող, երեք կողմից խոր կիրճերով շրջապատված բարձրավանդակի վրա։ Հայտնի է նաեւ Նռնաբերդ եւ Պղնձահանք անուններով։


Ամրոցը 10-րդ դարում կառուցել է Կյուրիկյան հարստության հիմնադիր Գուրգեն (Կյուրիկե) Բագրատունին։ 13-րդ դարում այն հանդիսացել է Զաքարյանների պաշտպանական կարեւոր հենակետերից մեկը։


Ամրոցի ներսում է գտնվում Ախթալայի վանական համալիրը՝ բաղկացած երեք եկեղեցուց, զանգակատնից, սրահից ու քարաշեն կացարաններից: Վանքի գլխավոր եկեղեցին Ս. Աստվածածինն է (XIII դ): Պատերը ներսից պատկերազարդված են Հին ու Նոր Կտակարանների առանձին դրվագներ պատկերող երկշերտ որմնանկարներով: