Սասունում, հատկապես տոնախմբությունների ու ուխտագնացությունների ժամանակ, աղջիկները նմանվում էին աստվածուհիների․ իրենց վարսերը քառասուն ծամ էին հյուսում, գլուխները զարդարում սարերի անթառամ ծաղիկներից հյուսած պսակներով, այնպես էին զուգվում-զարդարվում, որ ծռեցնում՝ այսինքն խելքահան էին անում տղաներին։ Զարդ ու պճնանքից ավելի տղաներին գրավում էր նրանց ամոթխածությունն ու համեստությունը։ Խպնող՝ այսինքն ամոթից կարմրող աղջիկը նամուսով է, ասում էին լեռնականները, թեեւ միմյանց հրաշալի ճանաչում էին եւ յոթը պորտ գիտեին միմյանց ազգուտակը։ Եթե աղջիկները մինչեւ 20 տարին լրանալը չէին ամուսնանում, համարվում էին պառաված եւ նրանց շատ անգամ վիճակվում էր ամուսնանալ միայն այրի մարդու հետ։

 

 

 

Աղջիկների խելքն առնելու համար տղաներն աշխատում էին իրենց ուժն ու քաջությունը ցույց տալ գուլաշի (մենամարտ), ուժ ու ճարպկություն պահանջող խաղերի, անվրեպ նետաձգության ու հրացանաձգության, ինչպես նաեւ պատերազմների ժամանակ։ Սիրահարվելու դեպքում թե՛ տղան, թե՛ աղջիկը ամոթխածորեն իրենց մայրերին հայտնում էին իրենց սրտի գաղտնիքները, իսկ մայրերը տեղեկացնում էին իրենց ամուսիններին։ Եթե ծնողները համաձայնություն չտային՝ ամուսնություն չէր կարող լինել։ Ընդհուպ մինչեւ 19-րդ դարի վերջը ամուսնությունը կատարվում էր հիմնականում ծնողների ցանկությամբ ու կամքով։ Թեեւ ընդունված էր, որ տղայի ծնողներն են աղջիկ ուզելու առաջարկն անելու, բայց պատահում էր նաեւ, որ աղջկա ծնողներն էին նախապես խոսք բացում իրենց աղջկան իրենց հավանած տղային տալու ցանկության մասին։ Հանդիպում էին նաեւ աղջիկ առեւանգելու դեպքեր, բայց ոչ միշտ էին դրանք ավարտվում խաղաղ դաշն կնքելով։ Հաճախ, նման դեպքերի արդյունքում, տների ու նույնիսկ գյուղերի միջեւ թշնամություն էր առաջանում՝ տխուր հետեւանքներով։

 

 

Մանկահասակ երեխաներին օրորոցում, նույնիսկ դեռ չծնվածներին նշանելու դեպքեր՝ խոսքկապներ էին լինում։ Այն ի սկզբանե հայտարարվում էր ի լուր գյուղացիների։ Հարսանեկան ծեսերն ունեին հատուկ արարողակարգ եւ մի քանի գլխավոր աստիճաններ։ Դրանք էին խոսքկապը, նշանդրեքը, խալանկտուրը կամ կթխան խլղաթը (հարս տեսնելը), հարսնածը, պսակը եւ առագաստը․․․

 

 

 

Կինը սասուցու նամուսն ու խիրաթն էր համարվում։ Կնոջ մի խոսքը խրախուսում, սխրագործության էր մղում ամուսնուն։ Սասունցիք ասում էին, թե կնոջ խոսքն անհետեւանք չեն թողնի։ Փեսայի համար կնոջ ազգականներից ամենասիրելին զոքանչն էր, ճիշտ այնպես, ինչպես հավատացյալի համար Մարութա Ս․ Աստվածածինը։ Պատմում են, թե մի անգամ ուխտավորները, երբ Մարութա սարից սկսում են իջնել, նորափեսան մնում է վանքում, խորանի դիմաց կանգնում է եւ հարցնում․ «Էյ, մեռնըմ քըզի Մարութա Սուրբ, տու անզոքանչ ի՞մալ զմնաս հուդա»։ Փեսան իր պարտականությունն էր համարում զոքանչին մոր նման հարգել ու հարկ եղած դեպքում խնամել, իսկ զոքանչը նրան պետք է պատվեր ու սիրեր հարազատ որդու պես։

 

 

 

Հարսը Սասունում չխոսկան էր, նա ամուսնու հետ խոսում էր միայն առանձնության ժամանակ։ Երբ մայր էր դառնում, խոսում էր սկեսրոջ հետ, իսկ սկեսրայրի հետ չէր խոսում, նույնիսկ, երբեմն մինչեւ նրա մահը, իսկ անհրաժեշտության դեպքում գլխի շարժումով էր պատասխանում նրա հարցերին։

Ապահարզան Սասունում երբեք չէր թույլատրվում․․․ Հազարամյակների պատմության մեջ Սասունում կարող եք գտնել ապահարզանի եզակի դեպքեր։ Դա անպատվություն էր համարվում թե՛ հարսի, թե՛ փեսայի գերդաստանի համար։