Ամանորյա սեղանների շռայլությունը մարդկանց ստիպում է մոռանալ տոնի ողջ խորհուրդն ու ուրախությունը, եւ մարդիկ սկսում են ուրախությունը ճոխ ուտեստների եւ որկրամոլության մեջ փնտրել։
Բազմաթիվ հայեր, մոռացել են իրենց ինքնությունն ու ավանդույթները եւ սկսել են օտար ավանդույթներին հետեւել։ Նախկինում հայերի ամանորյա սեղանը շատ ավելի «պասային» էր՝ հիմնականում ուտում էին լոբով եւ ավելուկով աղցաններ, փոխինձով քաղցրավենիք։ Որոշ գյուղերում նաեւ հնդկահավ էին ուտում։ Կարեւոր տեղ էր զբաղեցնում նաեւ հացը՝ հացի մի քանի տեսակ կար, եւ դրանց որոշ մասը նույնիսկ գուշակության համար էր օգտագործվում։ Իսկ ասիլ-վասիլ տեսակի հացը գետն էին նետում, կարծենալով, որ գետի ջրերը դրա հետ միասին իրենց հետ կտանեն բոլոր վատ բաները։


Մեծ ժողովրդականություն էին վայելում նաեւ անուշապուրը, աղանձներն ու չրեղենը. Կար կարծիք, որ նախորդ տարվա բերքից մնացած բաները սեղանին դնելը հաջորդ տարվա բերքառատությանը կնպաստի։
Ինչ վերաբերվում է ամանորյա խորհրդին, դարեր շարունակ Հայաստանում Ամանորն ասոցացվում էր ամեն ինչ նորից սկսելու հետ. մարդիկ բոլոր վատ սովորությունները եւ էմոցիաներն աշխատում էին անցյալում թողնել, ազատվել դրանցից, իսկ Նոր տարում իրենց հետ միայն ամենալավ բաները տանել։


Որոշ գյուղերում Ամանորը կրակի շուրջն էին տոնում, քանի որ կրակն էլ է իր՝ մաքրելու, ոչնչացնելու հատկությամբ հայտնի։

 

 


Վրեժ Հովսեփյան