«Երևանի Հյուսիսային պողոտան Հայաստանի քաղաքաշինության պատմության ամենանշանակալի ծրագրերից մեկն է: Հյուսիսային պողոտան մեր ամբողջ տարածաշրջանի ամենակարևոր քաղաքաշինական նախագծերից է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:


Ըստ նրա, Հյուսիսային պողոտային 20-30 տարի հետո կտան ճիշտ գնահատական. «Բոլոր ժամանակներում խոշոր նախագծերը սկզբում մշտապես արժանանում են լրջագույն դիմադրության»:


Նախարարը միաժամանակ հավելեց, որ Հյուսիսային պողոտան հաջողված նախագիծ է. մարդկանց տվել են մեծ տարածքներ, ձևավորվել է կարևորագույն առանցք:


Ն. Սարգսյանը նշեց, որ Հյուսիսային պողոտան ձևավորվել է 12 ճարտարապետի աշխատանքի արդյունքում, բոլորն էլ լուրջ ճանապարհ անցած մասնագետներ են: Իսկ ինքը ինքը երկու շենքի հեղինակ է:
Կանաչապատման հետ կապված Սարգսյանն ասաց, որ պողոտայի վերանորոգման ժամանակ տեղադրել են կանաչ հատվածներ: Ըստ նրա կանաչապատումը շարունակական է լինելու:


Պատասխանելով հարցին, թե շատ ճարտարապետներ, մասնագետներ պնդում են, որ Հյուսիսային պողոտան սեյսմակայուն չէ, նախարարն ասաց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հյուսիսային պողոտայի սեյսմիկ կայունությանը վերաբերող բոլոր խոսակցություններն անհիմն են: Կոնստրուկտիվ, շինարարական լուծումներն այնպիսին են, որ այդ շենքերն ամենահուսալի կառույցներն են»:

 

 

Անահիտ Գրիգորյան