Մի վիշապ է հայտնվում ու փակում քաղաքի ջրի ակունքը։ Ջրի դիմաց բնակիչներից ամեն անգամ պահանջում է գեղեցիկ աղջիկներ, թանկարժեք իրեր ու այլևայլ ընծաներ։ Ամեն տարի քաղաքի ամենաքաջ երիտասարդը գնում է կռվելու նրա դեմ, բայց վիշապը միշտ հաղթում է։ Այսպես՝ շատ տարիներ, մինչև որ քաղաքում հայտնվում է մի իմաստուն։ Իմանալով ողբերգության մասին՝ նա ընտրում է մի ճշմարտասեր պատանու և սկսում նրան ուսուցանել։

 

 

 

Իմաստունը հիմնական ուշադրությունը բևեռում է բարոյական, հոգևոր դաստիարակության վրա, այնուհետև ուսուցանում է ռազմական արվեստ։ Պատանին առնականանում է, և երբ գալիս է կռվելու նրա հերթը, գնում ու հաղթում է վիշապին։ Ցնծացող համաքաղաքացիներն ապշում են, երբ վիշապի քարանձավում հայտնաբերում են բազում այլ վիշապների դիակներ։ Մարդիկ գլխի են ընկնում, որ ամեն անգամ հաղթել է իրենց ընտրած մարտիկը, բայց գայթակղվել է վիշապի արքայական կենցաղով, քաղաքի հանդեպ անսահման իշխանությամբ և ինքն է վերածվել վիշապի՝ դավաճանելով քաղաքին, բարեկամներին, ծնողներին...

 

 

 

Վահե Ղազարյան