ՈՒշագրավ գործընթացներ են տեղի ունենում արաբական երկրների միջավայրում: Կատարի և Պարսից ծոցի մյուս արաբական միապետությունների միջև հարաբերությունների կարգավորումից հետո հիմա էլ Սաուդյան Արաբիան փորձում է հարթել 2013թ. հուլիսին Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո առաջացած խրթին տարաձայնությունները Կահիրեի և Դոհայի միջև:


Բանն այն է, որ կատարյան իշխանությունները ֆինանսական և քարոզչական լուրջ աջակցություն էին ցուցաբերում Արաբական Հանրապետության նախկին իշխանությունների և ներկա վարչակարգի ոխերիմ ընդդիմադիր «Մուսուլման եղբայրներ» իսլամական կազմակերպությանը: Որպես եգիպտակատարյան հարաբերերությունների կարգավորման առաջնային նախապայման պետք է դիտարկել կատարյան Al-Jazeera հեռուստաալիքի կողմից եգիպտական հակաիշխանական քարոզչությունից հրաժարվելու պարտավորությունը:


Մյուս կողմից փորձեր են իրականացվում որոշակիորեն վերականգնելու երկխոսությունը սիրիական վարչակարգի հետ. վերջինի և Պարսից ծոցի միապետությունների միջև լարվածությունը շարունակվում է սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր՝ շուրջ 4 տարի. այս համատեքստում Դամասկոսին անգամ առաջարկվել է վերադառնալ Արաբական պետությունների լիգա կազմակերպություն, որի աշխատանքներին Սիրիան չի մասնակցում 2012թ.-ից:


Այս գործում էական ազդեցություն կարող է ունենալ Եգիպտոսը՝ հանձին այդ երկրի նոր իշխանությունների, որոնք աստիճանաբար վերականգնում են Արաբական Հանրապետության նախկին հեղինակությունը միջազգային և արաբական թատերաբեմում:


Համենայն դեպս, նման կանխատեսման համար հիմքեր է տալիս օրերս Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հորեղբորորդի՝ Լատակիայի ծովային ակադեմիայի ղեկավար Իմադ ալ-Ասադի գլխավորած պատվիրակության այցը Կահիրե: Թեպետ պաշտոնական շրջանակներում նշվում է, որ այցն իրականացվել է Եգիպտոսի ծովային ակադեմիայի ղեկավարության հրավերով կամ անգամ անհատական նախաձեռնությամբ և պաշտոնական բնույթ չէր կրում, այնուամենայնիվ, կուլիսների հետևում առավել հաճախ է խոսում այն մասին, որ ալ-Ասադի այցը մեծապես քաղաքական և տնտեսական ուղղվածության էր, որ վերջինն անգամ հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդ ալ Ֆաթահ ալ-Սիսիի հետ:


Իսկ լիբանանյան որոշ աղբյուրներ նույնիսկ պնդում են, որ խոսքը ալ-Սիսիի կողմից նախապատրաստվող բավականաչափ մասշտաբային նախաձեռնության շրջանակներում էր, որի նպատակը սիրիական իշխանական և ընդդիմադիր շրջանակների հաշտեցման համար նոր հարթակի ձևավորումն է անմիջապես Եգիպտոսի նախագահի հովանու ներքո:


Վերոնշյալի համատեքստում, նաև հաշվի առնելով արաբական աշխարհում առկա որոշակի առումով խառնաշփոթային իրավիճակն, այնուամենայնիվ, համաարաբական նափաձեռնությունների ակտիվացումը բացառել չի կարելի:

 

 

Արմեն Պետրոսյան