Գործարար կնոջ համար դժվար է կյանքի ուղեկից գտնել: Ինչպե"ս համատեղել պրոֆեսիոնալ աշխատանքը և կանացի երջանկությունը: Այս հարցի պատասխանը փորձում են գտնել հոգեբաններն ու փորձագետները:


Ընտանիքի և կարիերայի ներդաշնակությունը


«Ես կարիերիստ եմ, միաժամանակ, սիրող կին ու մայր: Կարիերան և ընտանեկան կյանքը լիովին կարելի է համատեղել»,- ասում է խոշոր նախագծային ինստիտուտի ֆինանսական կին տնօրենը: Բուհ-ն ավարտելուց հետո նա ինստիտուտում աշխատանքի էր ընդունվել որպես հաշվապահ, հետո ստացել էր գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնը, որին հաջորդել էր արդեն գլխավոր հաշվապահ դառնալը: Իսկ կարիերայի գագաթնակետը դարձել էր ֆինանսական տնօրենի պաշտոնը:


Նրա հաջողության բանաձևը շատ հասարակ է.« Ընտանիքն ու աշխատանքը միմյանց հիանալի լրացնում են: Աշխատավայրում ես իմ լիազորությունները դրսևորելու և ինձ «մեծ տնօրեն» զգալու բավական շատ հնարավորություններ ունեմ: Այդ պատճառով էլ ես տանը քնքուշ, հոգատար կին ու մայր եմ»:


«Նրա հաջողության գրավականն այն է, որ նա ամուսնացել է ուսանողական տարիներին: Եթե նա որոշեր ընտանիք կազմել, երբ արդեն հասել է պրոֆեսիոնալ հաջողությունների և ֆինանսական բարեկեցություն է ձեռք բերել, ապա նրա համար դժվար կլիներ իրեն հասկացող ամուսին գտնել, - կարծում է հոգեբան Յանինա Բրժեսկայան: - Գործարար կանայք ձգտում են գտնել այնպիսի մարդու, ով նրանց համապատասխան կլինի մտավոր զարգացածության մակարդակով և նյութական վիճակով: Կատարյալ զուգընկեր կարող է լինել կայացած բիզնեսմենը: Բայց նման տղամարդիկ, որպես կանոն, վախենում են գործարար կանանցից»:


Սովորական աշխատող' ֆինանսական վերլուծաբանի փոխարեն


«Իմ առաջին կինն իր կարիերան սկսեց բանկում, որպես ֆինանսական վերլուծաբան: Այնուհետև նա դարձավ բաժնի վարիչ և հեռանկարում էլ փոխնախագահի պաշտոնն էր ուրվագծվում,- պատմում է վաճառքի մենեջեր ամուսինը:- Սկզբից ես հիանում էի նրա խելքով, տաղանդով: Բայց հետո այդ ամենն ինձ արդեն սկսեց զայրացնել, ես նյարդայնանում էի, որ նա տանը շատ քիչ է լինում, տան հոգսերով գրեթե չի զբաղվում, ուտելիք չի պատրաստում: Եվ մենք բաժանվեցինք: Դրանից հետո ես հաստատ որոշեցի, որ այլևս կարիերիստ կնոջ հետ գործ չեմ ունենալու և ամուսնացա սովորական աշխատանք ունեցող կնոջ հետ: Ճիշտ է, նա շատ քիչ էր վաստակում, բայց ես դրանից նույնիսկ ավելի գոհ էի: Ինձ դուր է գալիս ընտանիքը պահող-կերակրողի դերում լինել»:


Փորձագետը կարծում է, որ մեր հասարակությունը, չնայած ֆեմինիզմի գաղափարախոսության ակտիվ տարածմանը, շարունակում է նշանակալի չափով դեռ պահպանողական և նահապետական մնալ: Եվ բավական մեծ է այն կանանց բանակը, ովքեր ուրախությամբ են թիկունք կանգնում հաջողակ տղամարդուն…


Սակայն բավական քիչ են այն տղամարդիկ, ովքեր պատրաստ են հաջողակ կնոջ կողքին «երկրորդ պլանում» գտնվել:


«Գործարար կինը դեպի իրեն է գրավում ալֆոնսներին, ովքեր, պարզապես ապրում են նրա հաշվին, վատնում են նրանց փողերը, փոխարենը ոչինչ չտալով»,- ասում է Յանինա Բրժեսկայան:


Ինքն իրեն հավատարիմ մնալու արվեստը


Մի՞թե իրավիճակն անհուսալի է և կինը պետք է հրաժարվի կարիերայից հանուն ընտանեկան բարեկեցության: Բնականաբար' ոչ:


Նրանց, ովքեր ձգտում են համատեղել կարիերային առաջխաղացումը և ընտանեկան երջանկությունը, փորձագետը երեք խորհուրդ է տալիս:


Առաջինը, անհրաժեշտ է այդ հարցը քննարկել ապագա ամուսնու հետ, մինչև ամուսնանալը: Նա պատրա՞ստ է իր «երկրորդ կեսին» սատար կանգնել: Համաձա՞յն է իր վրա վերցնել տնային պարտականությունների մի մասը:


Երկրորդը, գործարար կանայք պետք է նաև թույլ լինելու արվեստին տիրապետեն և կարողանան ցույց չտալ իրենց գերազանցությունը:


Երրորդը' նույնիսկ ամենախիստ զբաղված կանայք պետք է որոշակի ժամանակ հատկացնեն իրենց տնային գործերին, հոգ տանեն սիրելիներին:

 


Հեղինակ՝ Մարո Գաբրիելյան