Կիլիկյան Հայաստանում ամուսնա-ընտանեկան հարաբերությունները կարգավորում էին եկեղեցին եւ Սմբատի Դատաստանագիրքը։ Ամուսնության համար անհրաժեշտ էին հետեւյալ հիմնական պայմանները.

ա) Սեռը

Ամուսնություն կարող էր լինել միայն հակառակ սեռերի միջեւ։ Միեւնույն սեռին պատկանող անձանց միջեւ ամուսնությունը համարվում էր անօրինական ու հանցավոր։

 

 

 

բ) Մենամուսնություն

Ամուսական միության մեջ գտնվողը չէր կարող առանց ապահարզանի կրկին ամուսնանալ: Եկեղեցին հետապնդում էր նրանց, ովքեր հարճեր էին պահում։

գ) Ամուսնական չափահասություն

1243 թ. Սսի եկեղեցական ժողովի յոթերորդ կանոնը պահանջում էր, որ ամուսնանալիս փեսացուն լինի 14, իսկ հարսնացուն՝ առնվազն 12 տարեկան (Սմբատի «Դատաստանագիրքով» միայն 15 տարեկանը լրանալու դեպքում տղամարդն իրավունք ուներ ամուսնանալու ու ասպետների շարքն անցնելու):

 

 

Համեմատության համար նշենք, որ հրեաները սեռահասուն տարիք էին սահմանել տղաների համար 13 տարի եւ 1 օր, աղջիկների համար 12 տարի եւ 1 օր, հռոմեացիները համապատասխանաբար՝ 14 տ եւ 12 տ, հույները՝ 15 տ եւ 13 տ: Լինում էին դեպքեր, երբ ի խախտումն կանոնների, ելնելով քաղաքական նկատառումներից, չէր պահպանվում ամուսնության համար օրենքով սահմանված նվազագույն տարիքը: Այսպես, Լեւոն Մեծագործը 1210 թ., 60 տարեկան հասակում, ամուսնացավ Կիպրոսի թագավորի քրոջ հետ, ով ընդամենը 11 տարեկան էր: 1222 թ. նույն Լեւոն Ռուբինյանի յոթնամյա դուստր Զապելին ամուսնացրին Անտիոքի իշխան 18-ամյա Ֆիլիպի հետ։ Հայտնի է, որ 12-ամյա Լեւոն Դ Հեթումյանին ամուսնացրել են Լուսինյանների 7-ամյա արքայադստեր հետ:

 

 

դ) Ամուսնացողների երկկողմ համաձայնություն

Անհրաժեշտ էր ամուսնացողների կամավոր համաձայնությունը, հակառակ պարագայում ամուսնություն չէր գրանցվում։

ե) Միեւնույն դավանանքին պատկանելություն

Սա քաղաքական նկատառումներից ելնելով հաճախ անտեսում էին։

զ) 1243 թվից ամուսնացողների միջեւ յոթը «պորտ» (սերունդ) հեռավորություն

է) Հոգեկան հիվանդության բացակայություն