1916 թ. ռուսական իշխանությունները փորձում են վերջնականապես որոշել Օսմանյան կայսրությունից պատերազմի իրավունքով գրաված Արեւմտահայաստանի ճակատագիրը: Հայկական երազները որերորդ անգամ անտեսվում, բռնաբարվում ու արհամարհվում են ռուսական պետության կողմից, որի համար «հայկական հարցը» օտար, անմարսելի ու ատելի մի բան էր: Ստորեւ ներկայացվող տեղեկագիրն ու հեռագիրը առկա բազմաթիվ փաստերից երկուսն են, որոնք նույնպես ապացուցում են վերոնշյալ ձեւակերպումը:

 

 

Ռուսաստանի ծովային նախարարության կողմից 1916 թ.մարտի 20-ին պատրաստված տեղեկագրում գրված է, որ ռուսների կողմից Օսմանյան կայսրության սեւծովյան նավահանգիստներ Տրապիզոնի ու Սամսունի գրավումից հետո Ռուսաստանը որոշ թվով տաճիկ-օսմանցի հպատակներ կունենա: Այնուհետեւ տեղեկագիրն ավելացնում է. «Պատերազմը վերջացնելուց հետո, նոր ծայրերկիրը (Արեւմտահայաստան) կազմակերպելու շրջանում, տաճիկ բնակչությունից ավելի անդորրություն կարելի է սպասել, քան օրինակ հայերից, որոնց երակների մեջ հատկապես անհանգիստ արյուն է հոսում»:

 

 

Նույն քաղաքականությունն է արծարծում Ռուսաստանի արտգործնախարար Ն. Ն. Պոկրովսկին, որը 1916 թ. դեկտեմբերի 8-ին Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան, կոմս Ա. Կ. Բենկենդորֆին գրում է. «Պոլսի ու նեղուցների հարցը՝ մեր օգտին վճռելով ու հայկական մարզերի մեր գրավումով՝ Փոքր Ասիայի ապագա կազմակերպման հարցը մեզ համար առաջնակարգ նշանակություն է ստանում... Մեզ համար էականապես անհրաժեշտ է, որ Փոքր Ասիայում պահպանվի ըստ կարելվույն մեծ սահմաններով անկախ տաճկական մի պետություն, որ քաղաքականապես ու տնտեսապես մեր կողմը հակված լինի»: