Տարիներ աչաջ "ԱՎԱՆԳԱՐԴ" թերթում կարդալով "Դարձյալ սիրո մասին" հոդվածը, ես վերհիշեցի մի սիրո պատմություն, որն իրական է ու որոշեցի գրի առնել, քանզի շատ էի տպավորված...
Գարուն էր, փոքրիկիս հետ ավտոբուսով գնում էինք Երևան: Ծաղկաշեն գյուղում ավտոբուս բարձրացավ 60 տարեկանի մոտ մի կին: Երեխայիս գիրկս առա, նրա համար տեղ ազատեցի: Ճանապարհին հանկարծ անծանոթուհին հարցրեց,-
- Ի՞նչ երեխաներ ունեք:
- Երեք տղա,-պատասխանեցի ես:

 


Կինը խորը ա՜խ քաշեց ու ասաց,-
- Ինչ լավ է, որ աղջիկ չունեք, գլուխներդ հանգիստ է:
Մի քանի հարց ու փորձից հետո նա նորից ախ քաշեց ու պատմեց.
- Երկու տղա մի աղջիկ ունեմ: Աղջիկս սիրահարվել էր մեր գյուղից մի տղայի. խելագարի պես սիրում էին իրար: (Ես համակ ուշադրություն դարձած լսում էի. Չէ՞ որ խոսքը սիրո մասին էր... )
Մեծ տղաս,-շարունակեց նա,- Երևանում բանակի մի լավ ընկեր ուներ. գեղեցիկ, հարուստ. «Լավ թեկնածում է» մտածում էինք մենք: Դե մենք ուզում էինք, որ աղջիկս բախտավոր լիներ,- արդարանում էր կինը:
Տղաս արգելեց աղջկաս տանից դուրս գալ,-շարունակեց կինը,- հանդիպել սիրած տղային: Աղջիկս չէր հնազանդվում: Մի օր տղաս դուռը փակեց աղջկաս վրա. աղջիկս պատուհանի ապակին ջարդել ու գնացել էր այդ տղայի հետ հանդիպման: Աղջկաս այդ արարքը կատաղեցրեց տղայիս: Հետաքրքրությունս ահավոր սրվել էր. ինձ հետաքրքրում էր այդ սիրահար աղջկա հետագա ճակատագիրը:
- Դու չպետք է տեսնվես այդ տղայի հետ, հազար տարի էլ մնա, քեզ նրա հետ չեմ ամուսնացնի,
մտքիցդ հանի,-ջղայնացած անհնազանդ քրոջ վրա գոռում էր տղաս:
-Ես ձեր ասած տղային չեմ սիրում, չեմ սիրում. ինձ համար կարևոր չէ, որ հարուստ է, իմ դուրը չի գալիս: Թեկուզ զոռով էլ ամուսնացնեք, մեկ է ես նրան չեմ սիրելու,- ընդդիմանում էր աղջիկս:
-Իսկ դու, դու չէի՞ր հավանում աղջկադ սիրած տղային,- հետաքրքրվեցի ես ընդհատելով կնոջը,- տղան վա՞տն էր, թե՞...

 


-Չէ,- վրա բերեց նա,- տղան լավ տղա էր. գյուղում տրակտորիստ էր աշխատող, խելոք, բայց աղքատ էր, իսկ Երևանցին հարուստ էր...
Արդեն քանի՜ անգամ նա շեշտում էր հարուստ բառը, որը տանել չէի կարողանում:
Հետո՞,- հարցրեցի ես. ինձ հուզում էր այդ անօգնական աղջկա ճակատագիրը:
- Հետո էլ մի օր տղաս մետաղալարով աղջկաս կապեց պատշգամբի սյանը ու մեզ զգուշացրեց, որ հաց, ջուր չտանք,-
-Առանց իմ թույլատվության ոչ մի կտոր հաց, ոչ մի բաժակ ջուր,- խիստ կարգադրեց տղաս:
-ՈՒ դուք հնազանդվու՞մ էիք ձեր որդու հրահանգներին, թողնելով
ձեր աղջկան անօգնական վիճակում... դուք նույնպե՞ս վախենում ձեր տղայից, որ պաշտպան կանգնեիք ձեր դստերը,- խորապես զգալով խեղճ աղջկա հոգևիճակը, երբ մայրն է կրավորական դիրք ընդունում և աղջկա բախտի տնօրինումը թողնում է որդու կամքին. այս պարագայում ոչ միայն բախտի, այլ՝ նաև կյանքի...
-Այո, վախենում էի. շատ էր կատաղած,-արդարանում էր կինը:
Մտովի այդ եղբայր կոչեցյալը ինձ դահիճ, մարդասպան թվաց, իսկ այդ անծանոթ աղջիկը' մի լեգենդար հերոսուհի, որն իր կյանքի գնով աշխատել էր եղբոր մեջ խղճի զգացում արթնացնել, որ ճանաչի ու հարգի ազնիվ սերը:
Կոկորդս սեղմվում էր. լուռ արտասվում էի:
Կինը չնկատեց իմ հուզմունքը, շարունակեց.
-Տղաս ամեն օր հարցնում էր,- էլի՞ սիրում ես...

 


- Սիրում եմ,- պատասխանում էր աղջիկս:
Աքցանով ձգում էր մետաղալարը,- Հաց չտա՜լ, գոռում էր տղաս:
Այսպես մի շաբաթ:
Այնքան էր մետաղալարը ձգել, որ մատների ծայրերը սևացել էին, արյունը չէր աշխատում, իսկ շրթունքները ճաքել էին. արյուն էր հոսում...
Ես գաղտնի խնդրեցի աղջկաս,-
-Գոնե ասա չեմ սիրում, որ կապը քանդի...
-Սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ, թող մեռնեմ, բայց իմ սերը չեմ դրժի...
- Ես հույսս կտրել էի, խնդրեցի տղայիս, որ մետաղալարը արձակի,- այս գիշեր կմեռնի ասացի,- ողջ մարմինը կապտել է...
-Թող մեռնի´, ինձ էդպիսի քույրը պետք չի, որ իմ խոսքը գետնովը տա...
- Վերջը՞,- հեծկլտալով անհամբեր հարցրեցի ես:
-Վերջը այդ գիշեր սիրած տղան բարձրացել էր պատշգամբ, արձակել էր աղջկաս ու փախցրել:
ՈՒրախությունից սիրտս ուռչեց. արցունքները հոսում էին այտերիս, բայց նրանք ուրախության արցունքներ էին:
-Արդեն յոթ տարի չենք խոսում իրար հետ. ոչ գալ, ոչ գնալ,- խոր հոգոց հանեց կինը:

 

 


Կինը լռեց:
Ես այդ պահին ինձ պատկերացրեցի այդ չկայացած դատավարության միակ արդար դատավորը և մեղադրանքի խոսքեր չէի գտնում ասելու և այդ կնոջ, և իր դահիճ տղայի հասցեին:
- Սերն էլ մանկան նման ծնունդ է առնում, իսկ եթե մի անգութ ճզմում է այն, դա հավասար է մի նորածնի սպանության: Դուք ոչ թե մաղավոր, այլ մարդասպան, հանցագործ եք ձեր աղջկա առաջ և դուք ինքներդ պիտի ձեր մեղքը քավեք:
Այդպիսի աղջիկներ շատ քիչ են պատահում և ձեր տղան պետք է ուրախ լիներ, որ այդպիսի քույր ունի և դուք՝ որ այդպիսի աղջիկ եք ծնել...
Կինը լուռ էր, երևի չէր սպասում, որ այդպես խիստ կդատեմ...
Չեմ հիշում ուրիշ էլ ի՞նչ մեղադրական խոսքեր ասացի, որովհետև շատ էի հուզված ու բարկացած, բայց լավ հիշում եմ, թե ինչ ասաց այդ մայր կոչեցյալը.
_Ոչ մեկն ինձ այդպես չէր մեղադրել, ինչպես դուք. ձեր արցունքներն ու կշտամբանքները իմ մեջ մայրական մեռած գութը շարժեցին: Եկող շաբաթ փոքր տղայիս հարսանիքն է. ես ինքս կգնամ ու կհրավիրեմ աղջկաս ու փեսայիս:

 


Նրա աչքերում էլ արցունքներ երևացին: Կարծեմ կարողացել էի
մայրական գութն արթնացնել:
Ես ծանոթ չեմ Ծաղկաշենցի այդ ազնիվ, հերոսուհի աղջկան, բայց նրա սիրո պատմությունը ցնցեց ինձ: Այո, թող ամեն ոք իր սեփական կյանքի գնով պաշտպանի իր սերը, ինչպես անծանոթ Ծաղկաշենցի այս աղջիկը. Փառք ու պատիվ քեզ անծանոթ, սիրելի հայուհի :
Սիրահարնե՛ր, ի սրտե ցանկանում եմ, որ դուք էլ, եթե սիրում եք, պայքարեք ու փայքարեք ձեր սերը, սիրեք այնպես, ինչպես Ծաղկաշենցի այս հերոսուհին. Այս պատմությունը գրեցի ձեզ համար: Թող հաղթանակի ձեր նվիրական ու ազնիվ սերը:
* * *
Փայփայեցեք սերը մարդիկ,
Որ սերը միշտ սեր ծնի,
Ա՛յս է կյանքի միակ գաղտնիք,
Թալիսմանը աշխարհի...
4-12-1996թ Արտաշատ

 

 

Սոնա Արշունեցի