Երջանկահիշատակ պապուս մահվանից որոշ ժամանակ անց նրա տան անդամները պատահաբար բացահայտում են մի գողտրիկ անկյուն, որտեղ նա հավաքել էր առաջին անհրաժեշտության պարենային և կենցաղային ապրանքներ' օճառ, լուցկի, մսի պահածո, խտացրած կաթ, շաքարավազ և այլն: Զարմացել էի, լավ էս մարդը, ինչի համար էր այդ ամենը հավաքել: Ես, բնականաբար, հետո հասկացա նրան, մարդն ի վերջո սով էր տեսել, ծանր կյանքով ապրել: Բայց այն, ինչին ականատես եղա երկու օր առաջ երևանյան սուպերմարկետներից մեկում, ուղղակի ցնցող էր: Մարդիկ, բառիս բուն իմաստով, շնչակտուր, առանց հասկանալու գնում էին կարելի է ասել "ինչ պատահի", րոպե առաջ ազատվելով այդ "չարաբաստիկ" դրամից: Գնում էին ու կողքներին կանգնած մարդկանց, ովքեր ամենօրյա փոքր գնումների էին եկել զարմացած հորդորում. "ինչ եք կանգնել, հեսա 12-ից հետո գները թռնելու են": Եվ, իրոք, 12-ից հետո գներն այնպես "թռան", որ որոշ ապրանքներ ուղղակի թանկացան մինչև 150 տոկոս: "Այդ ինչ տեղի ունեցավ մի քանի ժամվա մեջ, ինչպիսի խոշոր ցնցում արձանագրվեց համաշխարհային պարենային շուկայում" հարցադրումները, ուղղակի մնացին անպատասխան: Իսկ հիմա պատասխանը ավելի քան պարզ է "նորին գերազանցություն" խուճապը, որը բացառիկ էմոցիոնալ ֆենոմեն է, իրականում հաղթեց առողջ բանականությանը: Արդյունքում տուժեց սպառողը, դե իսկ օգտվեցին նրանք, ում համար նման իրավիճակները երկրնքից իջած մանանաներ են:Ասածս ինչ է ժողովուրդ ջան. ես հասկանում եմ, որ աչքը տեսածից է վախենում, բայց միևնույն է մեզ մի քիչ սառնասրտությունը նման իրավիճակներում, հաստատ չէր խանգարի:


Փաստն այն է, որ շաքարավազն էլ արդեն 400 դրամ է, ձեթն էլ իջել գրեթե իր նախկին մակարդակին ու այսպես շարունակ:

 

 


Գերասիմ Բարսեղյան