«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձները վճարելու խնդիրը վերջին օրերին լրացուցիչ սրություն է ստացել: Նաիրիտցիները պահանջում են վճարել իրենց աշխատավարձի պարտքը: Գործարանը աշխատակիցներին չի վճարել ավելի քան մեկ տարվա աշխատավարձ:


Դեկտեմբերի 13-ին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին կառավարության շենքի դիմաց էին' աշխատավարձերի վճարման պահանջով: Կառավարությունում տեղի ունեցած քննարկման արդյունքում որոշվեց, որ դեկտեմբերին գործարանի աշխատակիցները կստանան 1 ամսվա աշխատավարձ, ևս մեկ ամսվա աշխատավարձ էլ կստանան հունվարին: Բայց «Նաիրիտի» աշխատակիցները սա բավարար չեն համարում, նրանք պահանջում են վճարել կուտակված ամբողջ պարտքը:


Հարկ է նշել, որ «Նաիրիտը» 2010թ-ից չի գործում և հսկայական պարտքեր է կուտակել: Պարտքերը գոյացել են ինչպես գործարանի պարապուրդի ժամանակ, այնպես էլ՝ 2010թ-ից առաջ, երբ գործարանը աշխատում էր: Այժմ «Նաիրիտն» ունի մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք:


Չնայած այն հանգամանքին, որ գործարանը չի աշխատում և կուտակել է հսկայական չափի պարտք, աշխատակիցները ամիսներ շարունակ ստացել են իրենց աշխատավարձերը: Աշխատավարձերի վճարումը իրականացրել է կառավարությունը՝ այլ հարկատուների հաշվին, այն պայմաններում, երբ գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը 2007-ից տնօրինում է բրիտանական Rhinoville Property Limited-ը, և միայն 10 տոկոսն է պատկանում կառավարությանը:


Հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է կառավարությունը վճարի պարապուրդում գտնվող գործարանի աշխատակիցներին, երբ գործարանի բաժնետոմսերի առյուծի բաժինը պատկանում է այլ սեփականատիրոջ: Աշխատակիցների 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար, ինչը փոքր գումար չէ ոչ մեծ բյուջե ունեցող մեր երկրի համար:


Հասկանալի է, որ կառավարությունը փորձում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ գործարանը աշխատի, աշխատակիցները աշխատանք ունենան և ստանան իրենց աշխատավարձերը, քանի որ դրանով լուծվում է ինչպես գործազրկության, այնպես էլ՝ սոցիալական հարցեր, սակայն կառավարությունը ի վիճակի չէ ամբողջ բեռը իր վրա վերցնել:


Մյուս կողմից, հասկանալի է, որ մարդկանց համար միակ հենվելու տեղը կառավարարությունն է, բայց մասնավոր հիմնարկի աշխատողներին աշխատավարձեր վճարելու պարտավորությունն առաջին հերթին պատկանում է մասնավոր սեփականատիրոջը, որն այս ամբողջ ընթացքում մի կողմ է քաշվել ու կոնկրետ չի արտահայտել իր դիրքորքշումը այն մասին, թե ի՞նչ է մտածում «Նաիրիտի» ապագայի մասին, ե՞րբ է մարելու պարտքերը:


Եթե սեփականատերը հրաժարվում է վճարել գործարանի աշխատակիցներին, ապա անհրաժեշտ է, որ գործարանի աշխատակիցները իրավական միջոցների դիմեն իրենց աշխատավարձները գործարանի սեփականատերերից ստանալու համար: Կառավարությունն իր հերթին պետք է բռնի սեփականատիրոջ ականջներից' ստիպելով կատարել իր պարտավորությունները, անհրաժեշտության դեպքում օգտագործելով նաև դատական ատյանները:

 

 

Նարեկ Պողոսյան