Ֆրանսիան XIX դարի կեսերից մինչև XX դարի սկիզբ հանդիսանում էր եվրոպական մշակույթի ընդհանուր զարգացման թելադրողը: Այստեղ ծնունդ էին առնում բազմաթիվ ու այլազան գեղարվեստական ուղղություններ ու դպրոցներ' նատուրալիզմ, իմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ, կուբիզմ և այլք, որոնք հետագայում ստացան համաշխարհային ճանաչում, ստեղծվում էին արվեստի նոր ճյուղեր, ինչպես օրինակ կինեմատոգրաֆը, մատնանշվում էին այն տենդենցները, որոնք արդեն XX արվեստի ու առհասարակ մշակույթի մեջ առաջատար դարձան: Ֆրանսիական մշակույթի զարգացումը սակայն ամենասերտ կերպով կապված էր այն պրոցեսների հետ, որոնք ընթանում էին երկրի հասարակական-քաղաքական, սոցիալական ու հոգևոր կյանքում:


XIX դարի վերջին երեսնամյակը Ֆրանսիայի պատմության մեջ ամենադրամատիկ ժամանակներից էր, որն հետագայում ստացավ "fin de siecle" /դարավերջ/ անվանումը' մատնանշելով այն ճգնաժամը, որի մեջ հայտնվել էր երկիրը: Վերջինիս վառ օրինակներ դարձան ֆրանս-պրուսական պատերազմում Ֆրանսիայի կրած պարտությունը 1870 թ.-ին, ու դրանով առաջ եկած ազգային ստորացման զգացողությունը, Փարիզի կոմունայի կործանումը 1871-ի մայիսին և դրան անմիջապես հաջորդած միապետական-քաղաքական ռեակցիան /Մակ Մագոնի ու Բուլանժեի խարդավանքները 70 – 80-ական թթ, “Դրեյֆուսի գործը” 1895 - 1898 /, կոռուպցիան ու պաշտոնեական դիրքի չարաշահումը նույնիսկ երկրի բարձրագույն ղեկավարության ու ֆինանսական շրջանակներում, որոնք առկա էին III Հանրապետության ժամանակներում, /Պանամայի նեղուցի ջրանցքի բաժնետոմսերի ավանտյուրաները 1888 թ./:


“Ֆրանսիան հանգչում է, մի խառնեք նրա կրակը”,- վճռական կերպով հայտարարեց այդ ժամանակների հայտնի ֆրանսիացի մտածող ու գրող Էռնեստ Ռենանը /1832 - 1892/ “դարավերջի” շրջանի վերաբերյալ' լավագույնս արտահայտելով իր ժամանակակիցների' այդ շրջանում ունեցած տրամադրությունները:
Տնտեսական, սոցիալ-քաղաքական ճգնաժամը խորանում էր աշխարհայացքային ճգնաժամով, որը համակել էր ոչ միայն Ֆրանսիային, այլ նաև ողջ Եվրոպային: Այդ ժամանակ էլ ֆրանսիական մշակույթի ներկայացուցիչները զգացին ամենայն սրությամբ' նախկին գաղափարների, պատկերացումների, հայացքների ու արժեքների ոչնչականությունն ու անցած լինելը, որոնք արդեն քանի դար հանդիսացել էին եվրոպական մշակույթի ու ողջ եվրոպական քաղաքակրթության հիմնասյուները, անկախ այն հանգամանքից, թե փիլիսոփայական են, գիտական կամ գեղարվեստական:


“Ում հավատալ, ում վստահել, որ մի կուռքին աղոթել ու երկրպագել և որ մեկին սրբերից մերժել ու ոչնչացնել: Որոնց սրտերը բոցավառել, որ նպատակը սեփականել”,- հուսահատ հարցնում էին Ռիմբոն ու շատ ուրիշներ' զգալով խորը հիասթափություն ու կյանքի հանդեպ ունեցած հոգնածության զգացողություն և սեփական անզորությունը գիտակցելով ու ապրելով այն ամբողջ սարսափը, որն ապրում է մարդը գալիքի անորոշության ու անդնդայնության հանդեպ, որոնք նաև պայմանավորված են արդեն ապրած պատմական ցնցումների հետ ու կանխագուշակում են իրենց հետ նոր ցնցումներ:


Այսպիսի մթնոլորտում է, որ դարի 80-ական թթ Ֆրանսիայում լայնորեն տարածվեց ու դրական ընդունելության արժանացավ Ա. Շոպենհաուերի փիւլիսոփայությունը, ում հոռետեսական դատողությունները կյանքի անիմաստության ու գործունեության անցողիկության և առհասարակ գոյի ոչնչականության վերաբերյալ ինչպես երբեք “խոսեցին” ֆրանսիացիների ու հատկապես մտավորականության մի հատվածի սրտին:


/շարունակելի/

 

 

Գևորգ Գրիգորյան