Պարզվում է, գրեթե յոթանասուն տոկոս գործազրկություն ունեցող Հայաստանում կարելի է նաև աշխատաշուկան ուսումնասիրել ու ընդհանուր եզրակացություններ անել: Թեև տիրող մտայնությունները հաշվի առնելիս միանգամից այն գաղափարն է առաջ գալիս, որ տվյալ ուսումնասիրության արդյունքները խիստ հարաբերական ու սուբյեկտիվ են, բայց և այնպես, եթե ուսումնասիրություն արվել է, ապա պետք է այն ուշադրության առնել: Եվ ինչ է պարզվում այդ ուսումնասիրությունից:
Եվ ուրեմն, ըստ ուսումնասիրության տվյալների, 2013 թվականի ընթացքում աշխատանքից Հայաստանում ազատվածների 82%-ը աշխատանքը թողել է սեփական ցանկությամբ։ 6.3%-ը աշխատանքից ազատվել է գործատուի նախաձեռնությամբ կամ կրճատման հետ կապված, ևս 11.7%-ի աշխատանքից ազատվելու հարցում պատճառներն այլ են։
Սա պաշտոնական մասը: Իսկ իրականությունը: Իսկ այդ 82%-ի որ մասն է "սեփական դիմումի համաձայն" ձևակերպմանն արժանացել հարկադիր կերպով ու էլի գործատուի նախաձեռնությամբ, կամ որ մասն է "զոհ գնացել" ներխոհանոցային ինտրիգներին ... այս ամենի մասին արդյոք ինչու է լռում ուսումնասիրությունը: Իհարկե չպետք է մոռանալ նաև այն, որ աշխատանքից ազատվում են նաև վարձատրության անբավարարության պատճառով: Ասենք ութսուն հազար դրամի համար ընտանիքի կերակրող հայրը մայրաքաղաքում ինչպես տրամադրի իր ողջ ութժամյա աշխատանքային օրը եթե այդ ութսուն հազարը ամսվա կես մինչև չի հերիքում: Իսկ սա լուրջ խնդիր է, որովհետև մի կողմից գոռում են արտագաղթ, մյուս կողմից մնացածներին էլ նորմալ վարձատրություն չեն տալիս, որ մնան:
Բավական հետաքրքիր դիտարկում արել է նաև այս առնչությամբ 168.am-ը: Ըստ վերջնիս, դեռ մի կողմ, որ նորմալ վարձատրություն չկա: Պետական հիմնարկներում էլ մեկ այլ արատավոր պրակտիկա է գործում. աշխատանքի ընդունվելու պայմանագիրը ստորագրելու պահին նոր աշխատողին ի սկզբանե պարտադրում են գրել նաև ազատման դիմումը՝ առանց ամսաթիվ նշելու։ Այն մնում է ղեկավարի դարակում, և վերջինս ցանկացած պահի կարող է ազատվել անցանկալի ենթականերից՝ նրանց իս դիմումի համաձայն։
Իհարկե հետաքրքիր կլիներ նաև իմանալ, թե աշխատանքի ընդունվածների որ մասն է ծանոթ խնամի բարեկամ սկզբունքով մտել աշխատանքի, որ մասը անկողնային չարթերներ կատարելով ու այդպես շարունակ:
Հետաքրքիր կլիներ, եթե ԱՎԾ-ն մի օր էլ նման դեպքերի վիճակագրությունը կազմեր: Այ դա նոր կլիներ օբյեկտիվ ուսումնասիրություն ու ցույց կտար աշխատաշուկայում տիրող իրական հարաբերությունների պատկերը:
Գևորգ Գրիգորյան