Երբ օրգանիզմին (կենսաբանական, կամ հասարակական) աճելու, ձևավորվելու (սա կարևոր է) ընթացքում տալիս են թույն կամ օտար գաղափարներ, ապա օրգանիզմը դրանք չի ընդունում որպես բացասական երևույթներ, չի պայքարում դրանց դեմ և ընդունում է որպես նորմա։ Դրանով էլ մեծանում, ձևավորվում է։ Այլ կերպ ասած, եթե երեխային փոքր տարիքից ուտելուց հետո ծխախոտ տաս, որ ծխի, նա չի ընկալի ծխելը որպես բացասական երևույթ, այլ կընկալի որպես նորմա։ Ինչպես հիմա նորմալ է համարվում ընտրություններին գումարով մասնակցելը, քննություններն արտագրելով ստանալը, քանի որ մի դեպքում՝ հասարակությունը, մյուս դեպքում՝ կոնկրետ մարդիկ մեծացել, ձևավորվել են այդ երևույթների հետ, կողք կողքի։

 

 


Հիմա ամենակարևորը․ ռուսները ձևավորվել են այն փուլում, երբ Ռուսաստանը կայանում էր որպես կայսրություն, հետևաբար, նրանք ոչ մի բացասական և վտանգավոր բան չեն տեսնում նրանում, որ Ռուսաստանն այսօր ցույց է տալիս վերականգնվող կայսրության հատկանիշներ, որ ՌԴ ղեկավարն օգտագործում է միջազգային իրավունքի այսինչ մեկնաբանությունը՝ վերադարձնելու երբեմնի ռուսական հողերը, մեծացնելու ազդեցության գոտիները և այլն։ Եվ բոլոր այս զգուշացումները, որ 21րդ դարում կայսրությունը մարդկանց կյանքի կազմակերպման ձև չի, որ գերտերությունն ու կայսրությունը տարբեր բաներ են, որ չի կարելի մարդկանց մեջ արթնացնել հին, արխետիպային երևույթներ, այլ պետք է քաղաքացի, ոչ թե՝ կայսրության հպատակ, ունենալ, բոլոր այս խոսքերը խեղդվում են կայսրության վերականգնման հոտն առած ռուսների ոգևորված ոռնոցում։

 

 


Մեր պատմության մեջ էլ մի մեծ հատված մենք ձևավորվում էինք բացասական ինչ-որ երևույթների առկայությամբ, որոնք այժմ ընկալում ենք որպես նորմա․ բռիությունը, տիրոջը շատ պես հավատարիմ լինելը, ուժը որպես վերջնական փաստարկ կիրառելը և ընդունելը։
Կա՛մ մենք վերջ ենք տալիս այդ երևույթների լեգիտիմացմանը, կա՛մ արդյունքում ունենում ենք մարդկային ամենաստոր հատկանիշների և չափանիշների հաղթարշավ։

 

 

Մովսես Դեմիրճյան