Պատմում են, որ հեղափոխականները մի անգամ Նիկոլայ Ա-ի պալատի վրա արշինանոց տառերով գրել էին․ «Ցանածը կբուսնի»։ Ցարի աչքից չէր վրիպել այդ․ անմիջապես պատասխանում է այդ խոսքերի տակ մատիտով, նույնպես արշինանոց տառերով․ «Եթե միայն կարկուտը չխփի»։ Եւ հիրավի, մի խոշոր հատիկներով կարկուտ էր լայնածավալ Ռուսաստանի համար իր թագավորության ամբողջ ժամանակ, որ իրավամբ կոչվում էր «Նիկոլաեւյան երկաթյա ժամանակաշրջան»։ Ղրիմի պատերազմը Նիկոլայի համար կործանման պատճառ դարձավ․ Սեւաստոպոլի անկումը գոռոզ կայսրին գերեզման իջեցրեց։ Ասում են, որ նա թունավորվեց՝ չկարողանալով տանել այն մեծ վիրավորանքը՝ հաշտության ստորացուցիչ, ծանր պայմանները, որ առաջարկում էր նրան Ալբիոնի խորամանկ որդին (Անգլիան)։

 

 

Երբ նախարարները խորհուրդ են տալիս ընդունել Անգլիայի եւ Ֆրանսիայի առաջարկած պայմանները, քանի որ ուրիշ ելք չկար եւ բոլոր միջոցները սպառվել էին, պատասխանում է․ «Նիկոլայը նվաստացուցիչ պայմաններ ընդունել չի կարող, վաղը գործ կունենաք որդուս հետ»։ Եւ, հիրավի, առավոտյան նա այլեւս չկար։

 


Դաժան կայսրն ընտրում էր եւ դաժան պաշտոնյաներ․ 1850-ականների մովրովների շրջանումն էինք։ Ոմն Իվան Պետրովիչ Պրոտոպոպով Փամբակի եւ Լոռու մովրովն էր։ Արհամարհելով հայությունը իր անունը ռուսականի էր փոխել․․․ Դա մի հրեշ էր, որի նմանը հազիվ է ստեղծում մարդկությունը։ Դա մի երկնային պատուհաս էր ազգաբնակչության համար։ Ամբողջ Փամբակն ու Լոռին դողում էին նրանից, անգամ երեխաներն էին սարսափով փախչում։ Ժողովուրդը րոպե անգամ հանգիստ չուներ կոռ ու բեգյարից։ Նա հիվանդանում էր, եթե մի օր առանց ծեծի էր անցնում․ խիստ սիրահար էր ռուսական ռոզգուն (ճիպոտ, ճիպոտահարություն)։

 

 

 

Հոսում էր մարդկային արյունը, իսկ մարդ-գազանը հրճվանքով ճեմում, ծխում էր։ Դժբախտաբար մեր տունը մոտ էր մովրովի բնակարանից եւ ամեն օր ականատես էի լինում այդ քստմնելի, սոսկալի տեսարանին։ Հաճախ նա ասում էր․ «Ռոզգու 25 հարվածը, որ օրենքով որոշված է, չնչին բան է․ կոպիտ ասիացու համար 100 հարվածն էլ է քիչ»։ Հինգ-վեց տարի տեւեց նրա դաժան, բարբարոս թագավորությունը։ Ղարաքիլիսայից նրան տեղափոխեցին Դիլիջան՝ տեղի ազգաբնակչությանը «բախտավորեցնելու»․․․ Ու չգտնվեց մեկը, որ գազանի դեմն առնի․․․ Ընդհակառակը, ամեն անգամ տեսնելիս՝ սպասում էին, որ իրանց բարեւն առնի ու մինչեւ գետին խոնարհվում էին․․․

Խորեն ավագ քահանա Խանզադյան
«Հուշեր եւ տպավորություններ 1919 թ.»
Մեծ Ղարաքիլիսա - Վանաձոր

Լուսանկարում՝
Մեծ Ղարաքիլիսայի Ժամի թաղը (Ցալկուտ) 20-րդ դարի սկզբին