Իսկապես ինչ-որ բան է խախտվել մեր Դանիայի թագավորությունում: Մեկ-մեկ զայրույթից ուզում ես գոռալ, բայց տեսած-լսած-ապրածիդ զարմանքն ավելի մեծ է լինում ու պապանձվում ես: Էս ո՞նց կուրացավ մեր ներսը նայող մեր աչքը: Էս ո՞նց վռնդեցինք մեր միջից տարրական պարկեշտությունն ու համեստությունը և մեր ԵՍ-ը սկսեցինք ամեն տեղ թագավորեցնել: Ինչպե՞ս պատահեց, որ մեր պարտականությունը սկսեցինք հերոսություն կոչել ու գոռալ մեր բացարձակ ու անվերապահ ազատություն-իրավունքի մասին՝ մերժելով դիմացինի նույնպիսի իրավունքն ու ազատությունը: Երբվանի՞ց մեզ դատավոր կարգեցինք մյուսների վրա և ի՞նչ իրավունքով, երբ ասված է՝ մի՛ դատիր… Բայց մտածում ենք, որ մե՛զ համար չի ասված: Ինչպե՞ս կարող էր մեզ համար ասվել, եթե մենք (Ե՜Ս) աշխարհի աղն ենք, երբ այնքան ազնիվ-անաղարտ-չանվանարկված ենք, որ մի քիչ անվանարկվելը չէր խանգարի: Բայց դա էլ՝ բացառապես մեր թույլտվությամբ ու մեր սահմանած չափերով: Բաբելոնում գոնե աշտարակը կառուցելու վրա ջանք էին թափում, մենք առանց ջանքի ու աշտարակի մեզ Աստված ենք կարգել ու դատո՜ւմ ենք: Դատավճիռն էլ անվերապահ է (որովհետև մարդն է սխալական, ու երբեք՝ մենք) ու գոռոցով՝ հրապարակային, անվիճարկելի, խլացուցիչ: Իսկ գուցե այդ գոռոցով ներքին, հաշմված, բայց դեռ շնչող Մարդու վախի գոռո՞ցն է փորձվում խլացնել: Գուցե խարխլված ներսի ճշգրիտ իմացությո՞ւնն է խեղդվում գոռոցով: Ո՞նց է լինում, որ նույն մոտեցումը մեկի համար անկախության գրավական է, մյուսի համար՝ կոռուպցիա: Ո՞նց է լինում, որ նույն նախադասությունը մեկի համար ազատ խոսքի դրսևորում է, մյուսի համար՝ վայրահաչոց: Ու ո՞նց է լինում, որ մարդկանց մեղադրանք է ներկայացվում ու որպես միակ հիմնավորում բերվում ամեն ինչ սեփական արշինով չափելու բնավորությունը… Բայց էս ամենը մե՜նք չենք, մյուսներն են, դրսինները՝ պետությունը, ֆորմացիան, օլիգարխը, չինովնիկը, հարևանը… Բոլորը, բայց՝ ոչ մենք: Հասարակությո՜ւնն է այդպիսին, որին պատրաստ ենք ծառայել… Ամեն անկյունում սա ենք գոռում, չէ՞, բայց հարցրե՞լ ենք՝ հասարակությունն ուզո՞ւմ է, որ խարխլված ներսով ծառայենք իրեն: Ու երբ հանկարծ մեզ չեն խնդրում-համոզում, աղաչում-պաղատում, որ ծառայենք (այսինքն գլխներին դրած՝ օվսաննա չեն կանչում) հռչակվում են խավարամիտ, հետադեմ, թշնամի: Ու՝ դարձյալ չբարձրաձայնված, բայց ոչ բարոյական հաշվարկով. ուժեղ թշնամին ուժեղացնում է: Իսկ եթե ուժեղը չի՞ ուզում թշնամանալ… Ո՞նց թե չի ուզում, մե՛ր ուզելն է կարևոր, մե՛ր ուզելն է օրենք, մեծատառ ԵՍ-ը մե՜նք ենք…


Իրոք, ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է: Բայց ե՞րբ սկսվեց այս սխալը: Գուցե երբ տառաճանաչը սկսեց իմաստուն խաղալ, ու չասացի՞նք՝ սո՜ւտ է, երբ վարժապետն իրեն վարդապետ կարգեց, ու տգետի հետ գլուխ չդնելով՝ մեզ աշակե՞րտ ձևացրինք… Ե՜րբ… Մենք մեր մեղքերը պիտի տեսնենք և ընդունենք, որ բուժվել կարողանանք: Բայց, հակառակը, մեր մեղքերը բաժանում ենք բոլորին, որ գոռոզանանք մեր սուտ անմեղությամբ: Բոլորի՛ն ենք կոչում՝ մաքրվելը սկսեք ձեզնի՛ց, բայց ինքներս մեզնից սկսել՝ երբե՛ք… Եվ այստեղ հնչում է հարցը. իսկ իրո՞ք անարատություն ենք ուզում, թե՝ որ թեկուզ արատավոր, բայց վայելողը մե՛նք լինենք, անգամ երբեք չբուժվելու գնով…

 

 

Աշոտ Ահարոնյան