Հիշում եմ, թե որչափ ակտիվ էր Թուրքիան հետխորհրդային տարածքում ԽՍՀՄ ապամոնտաժումից հետո: Թուրքական քաղաքականությունն այն ժամանակ հաջողությամբ օգտագործեց թյուրքական միասնականության թեզը՝ Ադրբեջանում, Կենտրոնական Ասիայի թյուրքախոս հանրապետություններում, Թաթարստանում ու Բաշկորտոստանում սեփական շահերն առաջ մղելու հնարավորությունը:

 

 

Հատկանշական է, որ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ներկայացված խոշոր միջազգային ընկերությունների, ինչպես նաև այլևայլ հեղինակավոր միջազգային կառույցների գլխադասային գրասենյակները հենց Թուրքիայում էին տեղակայված: Այդ ժամանակաշրջանում Թուրքիան անվարան մրցակցության մեջ էր մտել Ռուսաստանի հետ՝ նշված տարածաշրջանում գերակա ազդեցություն ունենալու համար: Կարելի է ասել, որ դա ռուս-թուրքական անսքող ռազմաքաղաքական դիմակայության ժամանակահատված էր, որի ընթացքում Թուրքիային շատ բան հաջողվեց անել սեփական դիրքերն ամրապնդելու համար:

 

 

Այն ժամանակ Ռուսաստանն ու Թուրքիան մրցակից-հակառակորդներ էին: Նոր հազարամյակում ռուս-թուրքական հարաբերությունների մեջ եղած մրցակցային շեշտադրումներն արտաքուստ սկսեցին մեղմվել՝ Ռուսաստանը թևակոխեց պուտինյան իշխանության ժամանակաշրջանն, իսկ Թուրքիան արևմտականությունից սկսեց շեղվել դեպի ազգայնական-իսլամիստական էրդողանականություն: Հակառակ նրան, որ երկու երկրների բարձրագույն իշխանավորներն առերևույթ ձգտում էին դառնալ արևմտյան հանրույթի մաս՝ դա նրանց չհաջողվեց անել ու արևմտյան ուղղությամբ արձանագրված տապալումներն էլ նախադրյալներ ստեղծեցին Մոսկվայի ու Անկարայի տնտեսական ու քաղաքական հարաբերությունների սերտացման համար: Նախագահ Պուտինի Անկարա կատարած վերջին պետական այցի որոշ արդյունքներ անգամ մտահոգիչ թվացին հայկական շահերի ապահովման հեռանկարի տեսանկյունից:

 

 

Ռուսաստանն իսկապես նոր գործընկերներ է որոնում, իսկ Թուրքիան, անկասկած, իր համար նոր և խոստումնալից միջազգային դերակատարման «փնտրտուքի» մեջ է: Մեզ համար կարևոր է հասկանալ, որ ռուս-թուրքական հարաբերություններն իրենց սահմանափակումներն ունեն՝ այդ երկրների նախկին մրցակցությունը կարող է վերափոխվել միայն կեղծ-դաշնակցային հարաբերությունների, որոնցում Թուրքիան Ռուսաստանի տարածք «գործուղված» տրոյական ձիու դեր կկատարի:

 

 

 

 

Արման Մելիքյան